Կարիբյան ծովի ջրային մակերեւույթը լցվել է ջրիմուռներով: Հանրահայտ հանգստավայրերում լողալը ե՛ւ տհաճ, ե՛ւ վտանգավոր է դարձել:

Կարիբյան շրջանում ջրիմուռների տարածումը գիտնականներն արձանագրել են դեռեւս 2011 թվականին: Հստակ պատճառն առայժմ հայտնի չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, դրան նպաստել են օվկիանոսի ջերմացումը, հոսանքի ուղղության փոփոխությունը, ջրում քիմիկատների ավելացումը եւ այլն:

2015 թվականի ամառը միկրոօրգանիզմների տարածման առումով Կարիբների համար աղետալի է եղել: Ջրավազանի տարբեր հատվածներում տարատեսակ ջրիմուռներ են բազմանում:

Ըստ Nat-geo-ի, Տրինիդադ եւ Տոբագոյի, Սինտ-Մարտինայի, Պուերտո-Ռիկոյի, Բարբադոսի եւ այլ պետությունների որոշ լողափեր ստիպված են եղել ամբողջությամբ փակել: Միայն Կուբայում ամռան սկզբից մաշկային հիվանդությունների եւ ալերգիայի ավելի քան 60 դեպք է արձանագրվել: Ռիսկային գոտում են հատկապես երեխաներն ու ցածր դիմադրողականությամբ անձիք: Որոշ փոքրիկներ լողալուց հետո բարձր ջերմաստիճանով եւ այլ բարդություններով հիվանդանոց են տեղափոխվել:

Մարդու առողջության համար եւս մեկ վտանգ են ներկայացնում տոքսիններով վարակված ձկները: Գիտնականները, սակայն, չեն կասկածում, որ սա ժամանակավոր երեւույթ է: