«Հիմնադիր խորհրդարանի» աջակից Սյուզի Գեւորգյանի նկատմամբ կիրառված բռնությունը դատապարտող երթի ժամանակ այսօր` օգոստոսի 20-ին, ոստիկանները բերման ենթարկեցին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանին, որը փորձում էր ձվեր նետել նախագահական նստավայրի ուղղությամբ (ֆոտո)։
NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ «Մենք ենք տերը մեր երկրի» երիտասարդական նախաձեռնության մոտ 2 տասնյակ անդամները Ազատության հրապարակից երթով հասան Բաղրամյան 26։
Նախաձեռնության անդամները վստահ են, որ Սյուզի Գեւորգյանը բռնության է ենթարկվել իշխանությունների հրահանգով, քանի որը Համահայկական խաղերի ընթացքում սփյուռքից ժամանած մասնակիցներին իրազեկել է երկրում տիրող իրավիճակի մասին:
«Մեր երկիրը հասել է Հյուսիսային Կորեայի մակարդակին, որտեղ փորձում են լռեցնել այն բոլոր քաղաքացիներին, որոնք դեմ են դուրս գալիս ռեժիմին: Ռեժիմն այս անգամ իր չափերն անցավ, քանի որ այս անգամ բռնություն է իրականացրել երիտասարդ աղջկա նկատմամբ` ուղարկելով 2 հաստավիզերի, որոնք գիշերը դարանակալել են նրանց շենքի մուտքում, ծեծի ենթարկել եւ սպառնացել, որ Սյուզին դադարեցնի իր քաղաքացիական գործունեությունը: Մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին դատապարտել ռեժիմի այս բռնությունները»,- երթի ընթացքում բարձրախոսով հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը` Սերժ Սարգսյանին կոչ անելով սթափվել, այլապես «իրենք կսթափեցնեն ավելի կոպիտ ձեւերով»։
Սյուզի Գեւորգյանը համոզված է, որ իր նկատմամբ բռնություն կիրառած 2 տղամարդիկ գործել են իշխանությունների հրահանգով։
Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











