Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել օգոստոսի 18-ին իր իսկ բնակարանում կացնահարված՝ Երեւանի 25-ամյա բնակիչ Վլադիմիր Կարապետյանի դեպքի վերաբերյալ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ սպանվածը հաճախ է վիճել եղբոր՝ Կարապետ Կարապետյանի հետ, այդ պատճառով էլ դեպքից անմիջապես հետո սկսել են որոնել նրան: Նույն օրը Կարապետ Կարապետյանին հայտնաբերել են եւ սպանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել:
Կարապետ Կարապետյանը ոստիկաններին պատմել է, որ նախկինում գողության համար դատապարտված եղբայրն իրեն հաճախ է «ճնշել, ծաղրել»:
«Ինքն իրան ավելի արտոնավարի էր պահում, ես էլ ինձ պասիվ, ըտենց եղավ... կացինը պադվալում էր, բերի դրի կողքս, մի երկու օր շարունակեց, կպավ ինձ, ես էլ խփի»,- ասել է 37-ամյա Կարապետ Կարապետյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ 2015թ. օգոստոսի 18-ին, ժամը 07:30-ի սահմանում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի փողոցի թիվ 75 տանը երիտասարդ տղայի կացնահարված դի կա: Տան հյուրասենյակում հայտնաբերել են 25-ամյա Վլադիմիր Կարապետյանի կացնահարված դին: Դեպքի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը ձերբակալվել է նրա հարազատ եղբայրը՝ Կարապետ Կարապետյանը:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











