Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է, որ իրականությանը չեն համապատասխանում վերջերս մամուլում հայտնված տեղեկությունները, ըստ որի թուրքական իշխանությունները բանակցություններ են վարում PKK-ի հետ: Այս մասին հայտարարությունը տեղադրված է կուսակցության պաշտոնական կայքէջում:
Թուրքական իշխող կուսակցության տարածած հայտարարության մեջ նշվել է. «Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ, հիմնվելով PKK-ի աղբյուրների վրա, տեղեկացրել են, թե թուրքական պետությունը համաձայնության է եկել Աբդուլահ Օջալանի եւ PKK-ի հետ։
Մեր ժողովուրդը պետք է լավ հասկանա, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը երբեք սեղան չի նստի ապօրինի կազմակերպության հետ։ Այս թեմայի շուրջ խոսակցությունները մեքենայություններ են եւ նպատակ են հետապնդում ապակողմնորոշել մեր քաղաքացիներին»:
Նշենք, որ թուրքական մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, թե PKK-ի ղեկավարներից Մուրադ Քարայըլանը հայտարարել է, որ օգոստոսի 13-ից PKK-ի միակողմանի հայտարարած զինադադարը թուրքական իշխանությունների եւ Իմրալը կղզում ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանի միջեւ կայացած բանակցությունների արդյունք է։




























