Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի գլխավորությամբ հայ-ռուսական պաշտոնական բանակցությունները կշարունակվեն օգոստոսի 20-ին։

Սկզբում բանակցությունները կանցնեն նեղ շրջանակում, այնուհետեւ առաջնորդներին կմիանան նաեւ երկու երկրների պատվիրակությունների անդամները։ Խորհրդակցությունների արդյունքերով կստորագրվեն հայ-ռուսական ռազմավարական համագործացության զարգացմանը՝ մասնավորապես ռազմական, ատոմային էներգետիկայի եւ առեւտրատնտեսական ոլորտներին ուղղված փաստաթղթեր։ Այնուհետեւ երկու երկրների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Ստորագրվելիք փաստաթղթերի թվում է Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությունը 49 տարով երկարաձգելու մասին արձանագրությունը։ 

Օգոստոսի 20-ին Սարգսյանն ու Մեդվեդեւը կայցելեն Գյումրի, որտեղ կմասնակցեն «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը։

Դրանից հետո Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներին կմիանան ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները։ Սեւանա լճի ափին տեղի ունենալիք ոչ պաշտոնական հանդիպումը ՀԱՊԿ-ի թվով 4-րդ գագաթաժողովն է: