Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում այսօր՝ սեպտեմբերի 7-ին, շինարարական ինքնաշեն բեռնատար վերելակը պոկվել ու ընկնել է այն փորձարկելու ժամանակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տեղի աշխատակիցներից մեկը:
«Նոր սարքել էին, չի շահագործվել ընդհանրապես: Ստուգում էին, տեսնեին՝ աշխատում ա նորմալ, թե չէ, որ ԱԻՆ կանչեին, իմանային՝ թույլ տալիս են աշխատացնել, թե չէ: Վերելակը 60 մետր բարձրություն ունի, տրոսը պոկվել ա 10-20 մետր բարձրության վրա: Մի մարդը թռել ա միջից, մյուսը չի հասցրել»,- ասաց աշխատակիցը:
Շինհրապարակը գտնվում է Դավիթ Անհաղթ փողոցի 14/24 հասցեում, ըստ նախագծի այնտեղ առանձնատուն է կառուցվելու:
Երկու վիրավորները՝ 40-ամյա Սարգիս Ղազարյանը եւ 60-ամյա Պարույր Ստեփանյանը աշխատել են որպես զոդող եւ մատակարար: Դեպքից հետո նրանք տեղափոխվել են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Պարույր Ստեփանյանը ստացել է գանգուղեղային տրամվա, նրա վիճակը ծանր է, Սարգիս Ղազարյանի վիճակը միջին ծանրության է, նա բազկոսկրի կոտրվածք ունի եւ քերծվածքներ:











