Հայոց ցեղասպանության զոհերը Աստծո ընծաներն են, նրանց հոգիները հարատեւ կյանք ունեն, Եղեռնի զոհերի կտտանքները Հայստանը կդարձնեն հաշտության եւ համերաշխության երկիր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց Արեւելյան եկեղեցիների ժողովի կառավարիչ, կարդինալ Լեոնարդո Սանդրին, որն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ այլ եկեղեցականների հետ իր հարգանքի տուրքը մատուցեց զոհերի հիշատակին (ֆոտոռեպորտաժ)։
«Ես այսօր ցանկանում եմ խոսել ձեզ հետ, զոհեր։ Դուք ուժ եք, դուք Աստծո ընծաներն եք եւ հարատեւ կյանք եք։ Մենք կաղոթենք Աստծուն ձեր հոգիների հանգստության, Հայաստանի եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու համար։ Ձեր՝ զոհերի, կտտանքներն այս երկիրը կդարձնեն հաշտության եւ համերաշխության երկիր։ Թող աշխարհում սփռված հայերի համար արդարություն լինի»,- իր աղոթքում ասաց կարդինալը։
Լեոնարդո Սանդրին աղոթեց նաեւ ներկայումս տառապող ազգերի համար։
«Եկեք նաեւ աղոթենք մեր այն քույրերի եւ եղբայրների համար, որոնք հիմա են տառապում պատերազմից, բռնությունից եւ ահաբեկչությունից։ Աղոթենք Աստծուն Սիրիայի եւ Մերձավոր արեւելքի ժողովրդի համար»,-նշեց կարդինալը՝ կոչ անելով աշխարհի բոլոր քրիստոնյաներին միավորվել։ Կարդինալը այցելեց նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։
NEWS.am-ի հետ զրույցում Լեոնարդո Սանդրին նշեց, որ շատ տպավորված է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցից։
«Ես ինձ շատ մոտ զգացի զոհերին, կարծես թե, նրանց եղբայրը լինեմ։ Աշխարհում ապրող բոլոր հայերն են ինձ շատ հարազատ։ Ես կաղոթեմ նրանց համար»,-ասաց կարդինալը։
Նշենք, որ Կարդինալ Սանդրին Հայաստան է ժամանել սեպտեմբերի 23–ին հնգօրյա այցով: Սեպտեմբերի 24–ին Գյումրիի «Սրբոց Նահատակաց» եկեղեցում կարդինալը Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոսի հետ մասին նախագահել է եկեղեցու օծման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Սեպտեմբերի 27-ին, Արեւելյան եկեղեցիների ժողովի կառավարիչ, կարդինալ Լեոնարդո Սանդրին, որպես Հռոմի Ֆրանցիսկոս պապի ներկայացուցիչ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Մյուռոնօրհնեքի արարողությանը, որը կատարվում է յոթ տարին մեկ անգամ:
Կարդինալ Սանդրին ՀՀ նախագահին է հանձնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից նրան շնորհված Ոսկե մեդալը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











