Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են բարձր մակարդակի հայ-վրացական հարաբերությունների օրակարգը, նախանշել այն առաջ մղելու նոր հեռանկարները, անդրադարձել քաղաքական, տնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված ընթացիկ ծրագրերին: Նախագահներ Սարգսյանը եւ Մարգվելաշվիլին երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով փոխշահավետ նախագծերի իրականացման համար կարեւորել են ինտեգրացիոն տարբեր գործընթացների շրջանակներում Հայաստանի եւ Վրաստանի շարունակական համագործակցությունը:
Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների շուրջ` ընդգծելով տարածաշրջանի կայուն, խաղաղ եւ անվտանգ զարգացման կարեւորությունն ու այդ ուղղությամբ եւս համագործակցությունը:
Սերժ Սարգսյանը եւ Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպման արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-ների առջեւ համատեղ հայտարարություններով:
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների համար` Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ
«Մեծարգո՛ պարոն նախագահ, սիրելի՛ Գիորգի,
Նախ եւ առաջ խորին շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար:
Հարգելի՛ գործընկերներ,
Շատ ուրախ եմ, որ սույն աշխատանքային այցի ընթացքում Նախագահ Մարգվելաշվիլիի հետ հանգամանալից քննարկել ենք մեր հարաբերությունների օրակարգային հարցերը եւ նախանշել երկկողմ բազմաբնույթ համագործակցությունն առաջ մղելու նոր հեռանկարները:
Վստահ եմ, որ տեղյակ եք՝ այս այցի շրջանակներում մասնակցելու եմ նաեւ Հին Թբիլիսիի պատմական վայրում նոր շունչ ստացած հայկական առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցու վերաօծման արարողությանը: Շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի իշխանություններին այդ սրբավայրի վերականգնման աշխատանքներին իրենց աջակցությունը բերելու համար: Մենք էլ մեր հերթին հատուկ հոգածությամբ ենք վերաբերվում Հայաստանում առկա վրացական մշակութային ժառանգությանը, որի բարենորոգման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: Հավատացած եմ, որ միայն այս կերպ` հոգատարությամբ միմյանց մշակութային ժառանգությանը վերաբերվելով, մենք կարող ենք պահպանել ու բազմապատկել մեր ձեռքբերումները:
Վերադառնալով միջպետական օրակարգին, պետք է գոհունակությամբ փաստեմ, որ վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել եւ թեւակոխել են որակական նոր փուլ: Մեր երկրների միջեւ ընթացող բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսությունը եւ փոխայցելությունները խոսքերիս վառ վկայությունն են: Կարեւորում եմ նաեւ այն, որ երկկողմ հարաբերությունների ամրապնդումն իրականացվում է լիակատար փոխվստահության պայմաններում:
Պարոն Նախագահի հետ մենք քննարկեցինք նաեւ այն ռազմավարական բնույթի նախագծերը, որոնց երկուստեք ձեռնամուխ ենք եղել: Կցանկանայի կարեւորել Բագրատաշեն-Սադախլո սահմանային «Բարեկամության կամրջի» շինարարությունը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք այն եւ մնացյալ բոլոր ծրագրերը հաջողությամբ ավարտին ենք հասցնելու` դրանով իսկ հավելյալ խթաններ ստեղծելով մեր երկրների առաջընթացի եւ տնտեսական վերելքի համար:
Աներկբա է, որ թե՛ Հայաստանը եւ թե՛ Վրաստանը բավարար ներուժ ունեն խորացնելու տնտեսական համագործակցությունը՝ իրագործելով միջպետական փաստաթղթերով ամրագրված իրենց պարտավորությունները: Ավելին, հավատացած եմ, որ մեր երկրների ներգրավումը տարբեր ինտեգրացիոն կառույցներում ոչ միայն չեն խոչընդոտում, այլեւ ավելացնում են մեր համակողմանի համագործակցության հնարավորությունները` նոր հորիզոններ ուրվագծելով երկկողմ եւ բազմակողմ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար:
Մենք անցյալ անգամ նույն այս դահլիճում պարոն Նախագահի հետ խոսում էինք այն մասին, որ Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը եւ Վրաստանի կողմից ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը բացասական չեն անդրադառնա մեր տնտեսական հարաբերությունների վրա, այլ միայն դրական ազդեցություն կունենան: Եվ հիմա ուրախ եմ փաստելու, որ 2014թ. մեր առեւտրաշրջանառությունն ավելացել է, եւ նույն միտումը կա 2015թ. ինն ամիսների արդյունքով:
Անշուշտ, պարոն Նախագահի հետ մենք քննարկեցինք նաեւ տարածաշրջանային նշանակության հարցեր: Կարեւոր եմ համարում ընդգծել, որ նման հարցերում առկա փոխըմբռնումը առաջին հերթին պայմանավորված է հայ-վրացական եղբայրության գերակայության գիտակցմամբ, ինչպես նաեւ երկարաժամկետ մտածելու կարողությամբ: Ավելին, մեր ժողովուրդների խորքային կապերի վրա խարսխված ակտիվ միջպետական երկխոսությունը լուրջ նախադրյալներ է ստեղծում համակողմանի գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար:
Ամփոփելով խոսքս` թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել այս հյուրընկալ հողում իմ գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելություն ցուցաբերելու համար:

















