Երեւանում այսօր` հոկտեմբերի 31-ին, տոնում են Հելոուինը. կենտրոնական փողոցներում քայլում էին սարսափ ֆիլմերի, գրքերի տարբեր հերոսներ: NEWS.am-ի հետ զրույցում կերպարանափոխված եւ հեքիաթների ու ֆիլմերի հերոսներ դարձած Հելոուինը տոնող երիտասարդներից շատերն ասացին, որ հավատարիմ են մնացել տոնը նշելու ավանդական ձեւին` այցելել են տներ ու քաղցրավենիքներ հավաքել: Նրանց խոսքով, իրենք կերպարանափոխվել են ընդամենը լավ ժամանակ անցկացնելու համար եւ հակաքրիստոնեական չեն համարում տոնը: (ֆոտոռեպորտաժ)
«Սա պարզապես տոն է, ու մենք այն նշում ենք, որովհետեւ ուզում ենք մեզ մեր ուզած կերպարի մեջ զգալ գոնե մեկ օրով: Եթե ասում են մերը չի այս տոնը ու պիտի չնշվի, ուրեմն թող բոլոր էդպես խոսողները միայն բուն հայկական տոներով ու ավանդույթներով շարժվեն: Անձամբ ես կարծում եմ, որ եթե քեզ որեւէ բան դուր է գալիս, պիտի անես առանց մտածելու»,- նշեց վամպիրի կերպարանքով երիտասարդը:
Նշենք, որ Երեւանում Հելոուինը տոնողների կողքին կային նաեւ երիտասարդներ, որոնք դեմ էին այն Հայաստանում նշելուն: Նրանք հայկական ժողովրդական երաժշտության տակ պարում էին ազգային պարեր:
Նշենք, որ Հելոուինը ներկայիս Միացյալ Թագավորության տարածքում սկիզբ առած տոն է, որի հիմքում Իռլանդիայի եւ Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներն են: Այն հիմնականում նշում են անգլախոս երկրներում ամեն տարվա հոկտեմբերի 31-ին: Զգեստավորված երեխաները այցելելով տնից տուն քաղցրավենիք են հավաքում տանտերերից:
Հայաստանում վերջին տարիներին է Հելոուինը նշվում:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











