Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը տեղյակ չէ, որ Մոսկվայում վերջին օրերին կանգնեցրել են Երեւան ուղեւորվող հայկական ավտոբուսները եւ մանրամասն զննում իրականացրել:
«Շատ հնարավոր է, որ այդպիսի բան եղած լինի: Դեպքն արտառոց է, մարդկային զոհեր կան: Եթե ռուսական կողմը մոտեցումը փոխել է մեր ավտոբուսների նկատմամբ, դա այլ ձեւ մի ընդունեք: Միգուցե խստացրել են, տեղեկություն չունենք: Վաղը տեղեկություն կստանանք, ձեզ կասենք»,- այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, որը ՌԴ ԱԻՆ օդանավի հատուկ չվերթով վթարված ավտոբուսի ուղեւորների հետ ժամանել է Երեւան:
Նրա խոսքով՝ առայժմ հնարավոր չէ ասել, թե ինչն է եղել Տուլայում նոյեմբերի 3-ին տեղի ունեցած ողբերգական վթարի պատճառը: Ինչ վերաբերում է վարորդ Գառնիկ Հարությունյանին, նախարարն ասաց, որ առայժմ նրա նկատմամբ ռուսական կողմը կալանք է կիրառել, Հայաստանում նույնպես կատարվածի առնչությամբ քրեական գործ կա հարուցված եւ դեռ պարզ չէ՝ վարորդին կհանձնեն հայկական կողմին, թե ոչ: Գագիկ Բեգլարյանի խոսքով՝ իրենք կատարել են նախագահ Սերժ Սարգսյանի բոլոր հանձնարարականները: Իրենց հետ ՌԴ ԱԻՆ հատուկ չվերթով Երեւան են ժամանել վթարից տուժած ուղեւորների մեծ մասը: 12 տուժածները, որոնց հնարավոր չի եղել տեղափոխել, նախարարի վստահեցմամբ՝ լուրջ հսկողության տակ են:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել, ութ մարդ մահացել է։
Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկի մոտ քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է։











