Փարիզի «Բատակլան» թատրոնում ռոք համերգի ժամանակ ահաբեկչություն իրականացրած անձինք եղել են առանց դիմակների։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ականատեսներից մեկը։
«Մեր բախտը բերեց, մենք հենց բեմի մոտ էինք, իսկ նրանք դահլիճ էին մտել հետնամասից։ Առաջին կրակոցներն իրենց վրա վերցրին հենց հետեւում կանգնածները։ Սկզբում կրակոցները մեզ չէին հասնում։ Բոլորը նետվեցին գետնին։ Կրակողները երեքն էին, մեկին ես մոտիկից տեսա։ Դրանք սովորական մարդիկ էին ինձ ու ձեզ նման, առանց դիմակների։ Նրանք սպիտակամորթ էին։ Նրան, ում ես տեսա, շատ երիտասարդ էր, ամենաշատը 20 տարեկան։ Նա փոքր մորուք ուներ, սակայն ահաբեկիչի նման չէր»,- պատմել է ականատեսը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Փարիզում ահաբեկչության շարքի հետեւանքով պաշտոնական տվյալներով, մահացել է առնվազն 128 մարդ: Լրատվամիջոցները հայտնում են 150-ից ավելի զոհերի մասին: Փարիզի ոստիկանությունը տեղեկություններ ունի 8 ահաբեկչի մասին, որոնք մահացել են: Նրանցից 7-ը իրենց պայթեցրել են «շահիդի գոտիով», հայտնել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը:
Փարիզում արտակարգ դրություն է հայտարարվել:











