Իտալական ֆուտբոլի A Սերիայի 5-րդ տուրը ձախողման վտանգի տակ է: Իտալացի ֆուտբոլիստների ասոցիացիան հայտարարել է, որ մտադիր է սեպտեմբերի 25-26-ին գործադուլ հայտարարել, այդկերպ բողոքելով լիգայի ղեկավարության դեմ, որը փորձում է սահմանափակել խաղացողների պայմանագրային իրավունքները, հաղորդում է football.ua-ն:

Լիգայի եւ ֆուտբոլիստների արհմիությունների միջեւ կոլեկտիվ պայմանագրի ժամկետն ավարտվել է այս ամռանը, սակայն նոր պայմանագրի հետ կապված խնդիրներ են ծագել: Ակումբները ցանկանում են նոր կանոններ մտցնել, որոնց համաձայն, խաղացողները, որոնց հետ պայմանագրերի ավարտին մնացել է մեկ տարուց պակաս, պարտավոր են ընդունել այլ ակումբներ տեղափոխվելու տրանսֆերը` նույն պայմաններով: Այսպիսիով, իտալական ակումբները ցանկանում են նվազեցնել իրենց ռիսկերը: Եթե ֆուտբոլիստը չհամաձայնի տեղափոխվել այլ ակումբ նույն պայմաններով, ապա նա պարտավոր է ակումբին վճարել իր պայմանագրի տարեկան գումարի կեսը:

«Միլան» ակումբի պաշտպան Մասիմո Օդդոն, ով հանդես է գալիս ֆուտբոլիստների ասոցիացիայի ներկայացուցչի դերում, հայտնել է, որ բոլոր ակումբների  խաղացողները պաշտպանում են գործադուլի գաղափարը եւ A Սերիայի 5-րդ տուրը ձախողվելու է, եթե պայմանագրային նոր համակարգը ներդրվի: