Հայաստանում Եվրասիական միության մասին նոր կայք է բացվել: Ինչպես լրագրողներին հայտնել է «Եվրասիական ընտրություն» ակումբի նախագահ Ռոման Շկոլինը, Eurasia24.am կայքում տեղեկություններ կհայտնվեն Եվրասիական միության եւ եվրասիական ինտեգրման նախագծերի մասին:
«Մենք ուսումնասիրում ենք հասարակության վրա ազդող արեւմտյան նախագծերը, եւ մեզ մոտ գաղափար է ծնվել՝ ապահովել օբյեկտիվ եւ ճիշտ տեղեկատվություն: Թող այն հնչի ոչ թե ուրիշի մեկնաբանություններով, այլ ամբողջական տեսքով՝ առանց փոփոխությունների»,- ասել է նա:
«Մեզ համար շատ կարեւոր է, որ տեղեկատվությունը լինի գազափարախոսությունից ազատ եւ արտահայտի իրերի իրական դրությունը»,- ասել է կայքի հեղինակ, «Պոստ Սկրիպտում» հոլդինգի տնօրեն Վանիկ Էլիզբարյանը:
«Ռուսաստան-Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Բանինը հայտնել է, որ Հայաստանն, անխոս, Ռուսաստանի եւ միության մյուս անդամների համար առաջնային երկիր է:
«Մենք մեծ հույսեր ենք կապում Եվրասիական միությունում Հայաստանի նախագահության հետ: Ճիշտ է, «Եվրասիական բարոմետր» ինստիտուտի ուսումնասիրությունները եվրասիական ինտեգրացիայի նկատմամբ հետաքրքրության թուլացում են արձանագրում, սակայն մեր կայքում տեղեկատվությունը պետք է հենց այն բանի համար, որ հայ ընթերցողն ավելի լավ իմանա, թե կոնկրետ ինչ է տալիս Եվրասիական միությունն իրենց երկրին, եւ կարողանա գիտակցված եզրակացություններ անել»,- հավելել է նա:
Նշենք, որ համանման կայքեր են ստեղծվել Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստաի եւ Տաջիկստանի համար:





























