«Ժառանգություն»  կուսակցությունը Ընտրական օրենգրքի վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի առաջարկների պլատֆորմի շուրջ  համախմբվելու  կարիք չունի։ Այս մասին, այսօր՝ NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Ժառանգության» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

«Ժառանգությունը որեւէ պլատֆորմի շուրջ համախմբվելու ոչ կարիք ունի, ոչ անհրաժեշտություն, ոչ էլ ցանկություն։ Մենք կարող ենք միասնական քայլեր իրականացնել, ինչը կարելի է քննարկել»,- ասաց Մարտիրոսյանը՝ պնդելով, որ իրենք նման որոշում չունեն։

Հարցին, թե ինչո՞ւ համախմբվելու կարիք չկա, առավել եւս, որ նախագիծն արդեն հրապարակվել է եւ ընդդիմությունը հայտարարաում է, որ իրենց առաջարկներն անտեսվել են, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց․ «Ժառանգությունն» իր մոտեցումները ներկայացրել է, իսկ մնացածը քննարկման նյութ է»։

Ըստ նրա, «Ժառանգությունն» ակտիվ է լինելու բացառապես միջազգային գործընկերների հետ հարաբերություններում։

«Իշխանության հետ որեւէ քննարկման անհրաժեշտություն չենք տեսնում։ Եթե  հնարավոր կլինի  ժողովրդի միջոցով ճնշումներ գործադրելով փոփոխություն պարտադրել, մենք դրան ենք կողմնակից, քանի որ այս պահին ժողովրդի միջոցով ճնշում գործադրելու տարբերակ չկա, քանի որ ժողովուրդն ապատիայի մեջ է, եւ չի ցանկանում պայքարել, մնում է միջազգային գործընկերների հետ աշխատանքը»,-ասաց նա։