Երեւանի «Շտապօգնության» բժիշկ Վահրամ Անդրեասյանը, որը համացանցում տարածված տեսանյութում կոպտում է օգնության կարիք ունեցող տարեց մարդուն, աշխատանքից չի հեռացվել: Այս մասին NEWS.am-ին ասաց «Երեւանի Շտապ բուժօգնության ծառայության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Վահրամ Անդրեասյանը կարգապահական տույժի է ենթարկվել, ըստ որի մեկ ամիս չի հերթապահի «Շտապօգնությունում»:
Հիշեցնենք, որ համացանցում տարածված տեսանյութում երեւում է, որ Երեւանի Սիրահարների այգում «Շտապօգնության» բժիշկը վատառողջ քաղաքացու հետ կոպիտ ու անհարգալից է խոսում:
«Արի գոնե նստի: Հազար մարդ կա ստեղ, հո դու խայտառակ չե՞ս: Չես գալի՞ հմի հիվանդանոց: Հավեսդ չունեմ»,- ասում է բժիշկը այգում՝ նստարանի մոտ գետնին պառկած տարեց մարդուն ու հեռանում:
Բժշկի հեռանալուց հետո, տարեց մարդը այդտեղ հավաքված քաղաքացիներին ասում է, որ ինքը չի ցանկանում ոչինչ անել՝ ոչ նստել, ոչ հիվանդանոց գնալ: Նա նաեւ ստորագրում է բժշկական թերթիկի վրա, որ հրաժարվում է գնալ հիվանդանոց:
Դեպքը տեղի է ունեցել մարտի 4-ին:
Բժիշկը NEWS.am-ի հետ զրույցում անարդար էր համարել իր նկատմամբ հասարակության քննադատական վերաբերմունքը: Նա ասել էր, որ տեսանկարահանվել է 15 րոպե տեւած խոսակցության միայն վերջին հատվածը եւ սխալ մատուցվել, ինքը եղել է նույն մարդուն նույն օրը օգնություն ցույց տալու մեկնած երկրորդ բժիշկը, իսկ տարեց մարդը չի ցանկացել հիվանդանոց տեղափոխվել, օգտվել բժիշկների օգնությունից:
«Հավեսդ չունեմ». բժիշկը կոպտում է օգնության կարիք ունեցող տարեց մարդուն





























