Երեւանից Դոնի Ռոստով եւ Սոչի ուղղությամբ այսօրվա` մարտի 19-ի չեղարկված չվերթների ուղեւորներին «Դոնավիա» եւ «Աէրոֆլոտ» ավիաընկերություններն առաջարկել են մեկնել վաղվա` մարտի 20-ի չվերթներով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված ավիաընկերությունների գրասենյակից:
«Դոնի Ռոստով թռչող ուղեւորները կկարողանան մեկնել վաղը` առավոտյան ժամը 10.30-ի չվերթով, իսկ Սոչի մեկնողները` 9.20-ի չվերթով: Ավիաընկերությունները կհոգան այդ ուղեւորների գիշերակացի ծախսերը»,- տեղեկացրին գրասենյակից:
NEWS.am-ի տեղեկություններով` հետաձգված թռիչքների ուղեւորներից 7-ը, որոնք ռուս զինծառայողներ էին եւ գործուղման էին եկել Հայաստան, հրաժարվել են վաղը մեկնել ՌԴ. նրանց առաջարկել են այսօր մեկնել Կրասնոդար, այնտեղից էլ` հասնել Դոնի Ռոստով: Վերջիններն ընդունել են առաջարկը եւ արդեն այսօր լքել ՀՀ տարածքը:
Ինչպես նշեցին հետաձգված թռիչքների ուղեւորները` ավիաընկերությունները վաղ առավոտից հեռախոսազանգերի եւ հաղորդագրությունների միջոցով իրենց տեղեկացրել են, որ չվերթները հետաձգվում են:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մարտի 19-ին, Երեւանի ժամանակով 11.30-ի դրությամբ չեղարկվել են Երեւանի Դոնի Ռոստով եւ Սոչի, ինչպես նաեւ հակառակ ուղղությամբ բոլոր չվերթները:
Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի կայքի փոխանցմամբ, չեղարկվել են «Դոնավիա» ընկերության Դոնի Ռոստով թռչող D9 5331 չվերթը եւ «Աէրոֆլոտ» ընկերության Ռոստով թռչող SU 5331 չվերթը:
Միաժամանակ, չեղարկվել են «Դոնավիայի» Ռոստովից Երեւան մեկնող D9 5330 չվերթը եւ «Աէրոֆլոտի» SU 5330 չվերթը:
Չվերթների չեղարկման պատճառը Դոնի Ռոստովի օդանավակայանում տեղի ունեցած ողբերգությունն է, երբ վայրէջքի ժամանակ կործանվել էր Դուբայից ժամանող օդանավը:

































