Ռուսաստանում կործանվել է Դուբայից Դոնի Ռոստով ուղեւորվող օդանավը: Զոհվել են բոլոր 55 ուղեւորները եւ անձնակազմի յոթ անդամները: Ողբերգությունը տեղի է ունեցել գիշերը 03։50-ին: Վթարի պատճառը, նախնական տվյալով, ուժեղ քամին է եղել: Դիսպետչերներն անձնակազմին առաջարկել են գնալ Կրասնոդարի օդանավակայան, սակայն 38-ամյա հրամանատարը իր անձնական որոշումով փորձել է վայրքէջ կատարել Դոնի Ռոստովում: Մինչեւ ընկնելը Fly Dubai ավիաընկերության օդանավը մոտ երկու ժամ պտտվել է օդանավակայանի վերեւում, երկու անգամ վայրէջքի ապարդյուն փորձ արել, եւ երրորդ փորձի ժամանակ ընկել: Ենթադրվում է, որ քամու պատճառով օդաչուն չի կարողացել ղեկավարել օդանավը, քթամասը վեր է ցցվել, օդանավը 200 կմ ժամ արագությամբ ընկել է թռիչքուղուց մոտ 100 մետր հեռավորության վրա, մի քանի մասի բաժանվել եւ այրվել: Ի դեպ, գիշերը Դոնի Ռոստովում քամին այնքան ուժեղ է եղել, որ տեղահան է արել հաստաբուն ծառերը: Հայտնաբերվել է կործանված Boeing-ի «սեւ արկղերից» մեկը, հրապարակվել են անձնակազմի վերջին բանակցությունները դիսպետչերների հետ: Կործանված օդանավի ուղեւորների մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են, Դուբայից վերադարձող զբոսաշրջիկներ, նրանցից չորսը երեխաներ էին: Անձնակազմի բոլոր անդամները օտարերկրացիներ են: Զոհվածների թվում հայեր չկան: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին, խնդրել է կարեկցանքի ու զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին եւ մերձավորներին:

Մարտի 19-ին չեղարկվել են Երեւանից Դոնի Ռոստով եւ Սոչի, ինչպես նաեւ հակառակ ուղղությամբ բոլոր չվերթները: Ուղեւորներին առաջարկել են մեկնել վաղը` մարտի 20-ի չվերթներով: Ավիաընկերությունները կհոգան այդ ուղեւորների գիշերակացի ծախսերը:

Սպանություն է տեղի ունեցել Բերդ քաղաքում: Սրտի շրջանում դանակի հարվածից մահացել է 28-ամյա Գագիկ Ճաղարյանը: 38-ամյա Վրեժ Մաթեւոսյանն էլ ազդրի շրջանում դանակի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Նրանք ընկերներ են, ենթադրվում է, որ վիճաբանել են ու դանակահարել միմյանց:

Մայրը չի հավատում պաշտոնական վարկածին, թե զինծառայող որդին ինքնասպան է եղել Արցախի դիրքերում: Դեպքից մեկ շաբաթ առաջ Կամոն բարձր տրամադրությամբ զանգել էր մարտի 8-ը շնորհավորելու: Դեպքից առաջ Կամոն նաեւ եղբայրների հետ էր խոսել, պատմել իր ապագա պլաններից: Հարազատների մոտ կասկած է առաջացրել նաեւ Կամոյի աչքի կապտուկը: Նրանք պահանջում են, որ մեղավորները հայտնաբերվեն ու պատժվեն:

Նոր պայթյուն՝ Թուրքիայում: Մահապարտն իրեն պայթեցրել է Ստամբուլի առեւտրային կենտրոնում: Հինգ  մարդ զոհվել է, 36-ը վիրավորվել: Վիրավորներից մեկը ազգությամբ հայ Օքսան Խաչանյանն է: Օքսանը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Մեկ շաբաթ էլ չի անցել Անկարայի պայթյունից, որի հետեւանքով 37 մարդ էր զոհվել, երեք շաբաթ առաջ էլ պայթյունը 29 մարդու կյանք էր խլել: Անկարայի հարձակումների համար թուրքական իշխանությունները մեղադրում են քուրդ ծայրահեղականներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան կժամանի հունիսի վերջին:  Վատիկանը հաստատել է այս տեղեկությունը: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Հայաստանում կմնա մի քանի օր: Այցի օրակարգը դեռ չի հրապարակվում:

Դոլարը եւ եվրոն էժանացել են, ռուբլին եւ ֆունտը՝ թանկացել: Դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 482, եվրոյինը՝ 542, ռուբլունը՝ 7.09, ֆունտինը՝ 697 դրամ:

Հայաստանի տարածքի մեծ մասում, այդ ովում՝ մայրաքաղաքում, մարտի 20-ին սպասվում են տեղումներ: Առաջիկա գիշերը Երեւանում կդիտվի -1-3, իսկ վաղը ցերեկը՝ +4+6 աստիճան տաքություն։