Կոնգրեսական Բրեդ Շերմանը անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի որոշ պաշտոնյաների, այդ թվում՝ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուի եւ USAID-ի ղեկավար Գայլ Սմիթի վրա ճնշում է գործադրել՝ պատասխան պահանջելով Արցախին հատկացվող օգնությունը կրճատելու, կրկնակի հարկումից խուսափելու մասին հայ-ամերիկյան համաձայնագիրը ձգձգելու եւ Հայաստանում սիրիացի փախստականների օգնության հարցերի շուրջ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։
ԱՄՆ Կոնգրեսի Ֆինանսական ծառայությունների հանձնաժողովում լսումների ժամանակ Շերմանն ընդգծել է կրկնակի հարկումը չեղարկող հայ-ամերիկյան համաձայնագրի կարեւորությունը։ Անդրադառնալով ֆինանսների նախարարի այն դիտարկմանը, թե այդ համաձայնագրի կարիքը չկա՝ կոնգրեսական Շերմանը բերել է հավի եւ ձվի օրինակը։ «Դուք բիզնես ներդրումներ չեք ունենա, քանի որ չունեք հարկային պայմանագիր։ Սակայն դուք հարկային պայմանագիր չեք կնքում, որովհետեւ դուք բիզնես ներդրումներ չունեք»,- ասել է նա։
Արցախին հատկացվող ֆինանսական օգնության կրճատման մասին հարցադրմանը՝ USAID-ի ղեկավար Գայլ Սմիթը պատասխանել է, որ տարածաշրջանին նախկինում լրացուցիչ ֆինանսական օգնություն է տրամադրվել։ Սմիթն ու Շերմանը համաձայնության են եկել տարածաշրջանում հումանիտար կարիքների բավարարման համար համատեղ աշխատանքներ իրականացնել։ Միաժամանակ Շերմանը մտահոգություն է հայտնել Հայաստանում սիրիացի փախստականներին ԱՄՆ-ի կողմից հատկացվող ֆինանսական սուղ օգնության կապակցությամբ։











