Ապրիլի 1-ը սկսվեց սահմռկեցուցիչ լուրով: Երկու շաբաթ հայտնի ակտիվիստ, իրավաբան Կարեն Վարդանյանին որոնելուց հետո ոստիկանությունը գտավ նրա մարմինը՝ ավտոտնակում: Ավտոտնակը պատկանում է 23-ամյա Գեւորգ Զոհրաբյանը, որն էլ դաժան սպանության մեջ կասկածվողներից մեկն է: Գեւորգը եւ 43-ամյա Արթուր Միհրանյանը պատմել են, որ Կարենին սպանել են Սեւանի ճանապարհին ՝ գլխին հարվածելով բութ գործիքով, հետո դին բերել են ու թաղել ավտոտնակում: Գեւորգը Կարենի հարեւանն է, որը նրան համոզել էր բնակարանն իր անունով գրանցել, որպեսզի 300 հազար դրամ պարտքի դիմաց Կարենի տունը ձեռքից չվերցնեն: Ավելի ուշ խարդախ մտադրությունները կոծկելու համար ընկերոջ հետ որոշել է սպանել նրան: Երկու շաբաթ առաջ Կարենը ընկերներին ասել էր, թե Դուբայ է գնում գործուղման, սակայն այդպես էլ Դուբայ չէր հասել: Հետքերը թաքցնելու համար չարագործները մտել են Կարենի ֆեյսբուքյան էջ եւ նրա գտնվելու վայրը նշել Դուբայ: Երկու կասկածյալները ձերբակալված են: Կարենը նախորդ տարի մոր մահանալուց հետո մենակ էր բնակվում:
Երկու կորուստ մեկ օրում: Հայկական զինված ուժերում այսօր երկու զինծառայող է մահացել: Հակառակորդի կրակոցից զոհվել է պաշտպանության բանակի զինծառայող Վլադիմիր Մելքոնյանը: 20-ամյա երիտասարդը գյումրեցի էր, անապահով ընտանիքից, միակողմանի ծնողազուրկ: Ավելի վաղ Տավուշի զորամասերից մեկի մարտական դիրքում գլխին ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Գեւորգ Ասոյանի դին: Ժակետային զինծառայողը Երեւանից էր, նրա մահվան հանգամանքները դեռ պարզ չեն:
Սերժ Սարգսյանը Միացյալ Նահանգներում հանդիպել է փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ: Հայաստանի նախագահը նշել է, որ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններն այժմ գտնվում են պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա, ապա նշել է՝Հայաստանը ակնկալում է, որ ԱՄՆ-ը, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր իր գործուն քայլերին կսթափեցնի Ադրբեջանի իշխանություններին, քանի դեռ հնարավոր է:
Էրդողանի ամերիկյան այցի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Այսօր բանը հասել է ծեծկռտուքի: Թուրքիայի նախագահի թիկնապահները քաշքշել եւ նույնիսկ ծեծել են թուրք լրագրողներին, որոնք փորձում էին լուսաբանել Էրդողանի դեմ բողոքի ակցիան: Բողոքի ակցիային մասնակցում էին հայրե, քրդեր, հույներ, եզդիներ եւ կիպրացինե, նաեւ թուրք ակտիվիստներ, որոնք բողոքում էին Էրդողանի ժխտողական քաղաքականության, բռնաճնշումների եւ Իսլամական պետությանն աջակցելու դեմ:
Նիկոլ Փաշինյանը ակտիվ մասնակցում է Հրազդանի քաղաքապետի ընտրություններում իր կուսակցության թեկնածու Սասուն Միքայելյանի քարոզարշավին: Ապրիլի 1-ին ընտրողների հետ հանդիպմանը նրանք ներկայացրել են ծրագրի հիմնական դրույթները՝ կարգի բերել քաղաքը, փողոցները, շենքերը, վերելակները: Փաշինյանը անդրադարձել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանի քարոզչական շահարկումներին:
Մարտի 31-ին ոստիկանները բերման են ենթարկել շուրջ մեկ տասնյակ քրեական հեղինակությունների, որոշ տեղեկություններով՝ 6-րդ վարչություն։ Նրանց թվում է նաեւ Կոմիտասում հայտնի քրեական հեղինակություն, «Արեւելյան խոհանոց» սրճարանի սեփականատեր Ջնդին՝ Ջնդի Ամալյանը։ Դեռեւս հայտնի չէ՝ արդյոք այս գործողությունը ոստիկանապետի հայտարարած կրիմինալի դեմ պայքարի շրջանակում է, թե կոկրետ դեպքի հետ կապված։
Արամ Գրիգորյանին դատարանը մեղավոր ճանաչեց Երեւանի կենտրոնում թուրք լրագրողուհուն մահացու վրաերթի ենթարկելու մեջ եւ դատապարտեց երկու տարվա ազատազրկման: Դատավորը որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել: Արամ Գրիգորյանը մինչեւ վերջ պնդեց, որ թուրք լրագրողը դեպքի օրը եղել էր ալկոհոլի ազդեցության տակ, եւ պառկել փողոցի բանուկ հատվածում, ինքը մեղավոր չէ:
Ընդամենը երկու տարի՝ սպանության համար: Տավուշի մարզի դատարանը Թեղուտի գյուղապետի որդուն նման մեղմ պատիժ է նշանակել՝ հաշվի առնելով, որ նա սպանությունը կատարել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում: Երկու տարի առաջ այս սպանությունը մեծ աղմուկ էր բարձրացրել: Սպանվածը եւ գյուղապետի որդին վիճաբանության ժամանակ կրակոցներ էին արձակել, ինչի հետեւանքով բացի Նավասարդ Աբգարյանից, մահացել էր նաեւ Թեղուտի գյուղապետի ավագ որդին:
Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը բավական հաջող է մեկնարկել գեղասահքի աշխարհի առաջնությունում: 16-ամյա աղջիկը Հայաստանի միակ ներկայացուցիչն է, որը նվաճել է ազատ ծրագրի ուղեգիր։ Կարճ ծրագրում 16-ամյա Անաստասիան 38 մասնակիցների մեջ գրավել է 20-րդ տեղը:
Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել: Ապրիլի 1-ին այն կազմել է 480 դրամ: Ֆունտը եւ ռուբլին՝ նույնպես՝ համապատասխանաբար 688 եւ 7.11 դրամ: Աճել է միայն եվրոն՝ 548 դրամ:
Երեւանում ապրիլի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +2-ի, իսկ վաղը ցերեկը՝ +18 –ի:











