Ապրիլի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական  շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը՝ կիրառելով հրաձգային եւ ականանետային զինատեսակներ: Հակառակորդը  կրակահերթեր է արձակել նաև հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում: Հայկական կողմը հիմնականում ձեռնպահ է մնացել պատասխան գործողություններից: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է նաեւ օրվա ընթացքում:  Միաժամանակ, ՊԲ հետախուզության տվյալներով, ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ գտնվող որոշ հատվածներում արձանագրվել է զորքերի տեղաշարժ:

Ապրիլի 10-ին  գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումից ՊԲ համար զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում զոհվել է պայմանագրային զինծառայող Ռոբերտ Աբրահամի Աբրահամյանը

Զոհվածների մարմինների փոխանակության շրջանակում ապրիլի 10-ին հակառակորդը հայկական կողմին է փոխանցել 18 զոհված զինծառայողների մարմինները. մեկ զինծառայող դեռ անհետ կորած է համարվում,  նրա ճակատագիրը պարզելու համար աշխատանքները շարունակվում են: Այսպիսով՝ այս պահին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հայկական կողմի զոհերի թիվը հասել է 64-ի: Ի դեպ,  զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ ադրբեջանական կողմից կրակոցներ են հնչել, ինչն արձանագրել են նաև Կարմիր խաչի ներկայացուցիչները:

Ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր մարմինների վրա կան խոշտանգման ու անարգանքի հետքեր, ինչի մասին իր հայտարարության մեջ նշել է նաև ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը: Հայտարարության մեջ ասվում է , որ ղարաբաղյան կողմը հետամուտ է լինելու, որպեսզի ադրբեջանական կողմի նման պահվածքը  ենթարկվի միջազգային հանրության եւ մասնագիտացված կառույցների խստագույն դատապարտմանը, իսկ մեղավորները կրեն պատասխանատվություն:

Զոհվածների մարմինների փոխանակության ընթացքում հայկական կողմին է հանձնվել նաև գլխատված զինծառայող Քյարամ Սլոյանի գլուխը:  Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում ապրիլի 9-ին տեղի է ունեցել  Քյարամի վերահուղարկավորումը: «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի նախագահ Բորիս Մուրազին հայտարարել է, որ Քյարամ Սլոյանին գլխատելով Ադրբեջանը ցույց է տվել  իր իրական դեմքը, որ ահաբեկչական խմբավորումներից ոչնչով չի տարբերվում: 

Հայկական հետախուզությունը իմացել է,  որ Ադրբեջանը  դիվերսիոն գործողությունների միջոցով փորձելու է անցնել հարձակման, բայց թե կոնկրետ երբ և  որ հատվածից ՝ դժվար էր կռահել՝ հաշվի առնելով Արցախի սահմանի երկարությունը: Այս մասին ասել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ նշելով, որ հակառակորդը գործել է գաղտնի, գիշերով` դիվերսիոն երկու հատուկ նշանակության բրիգադի ուժերով եւ փորձել գործել չորս ուղղություններով: Նրա խոսքով՝ հայկական կողմը իմանալով հակառակորդի ծրագրերի մասին՝ համապատասխան միջոցառումներ է իրականացրել , Դրանց շնորհիվ էլ հայկական զինված ուժերին հաջողվել է շատ արագ կասեցնել հակառակորդի առաջխաղացումը, հետո նաև հրադադար պարտադրել: Մովսես Հակոբյանը շեշտել է որ  կրակի դադարեցման առաջարկությունը  հենց Ադրբեջանն է արել՝ դիմելով Ռուսաստանի գլխավոր շտաբի պետին:

Լևոն Տեր Պետրոսյանը այսօր ծավալուն հարցազրույց է տվել ու պատմել Սերժ Սարգսյանի հետ իր հանդիպման մանրամասները:  Առաջին նախագահն ասել է, որ հանդիպումն ինքն է նախաձեռնել՝ ձեռագիր նամակով դիմելով երկրի ղեկավարին:

Առաջին նախագահը հուսադրող է ռազմական դիմակայության օրերին Հայաստանի քաղաքական ուժերի և հասարակության համախմբումը, նաեւ ընդգծել է, որ հիմա սխալների ու բացթողումների համար իշխանություններին մեղադրելու եւ նրանցից հաշիվ պահանջելու ժամանակը չէ: Անդրադառնալով վերջին օրերին Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարություններին, որ ղարաբաղյան կարգավորման մասին փաստաթուղթը արդեն սեղանի վրա է, Տեր-Պետրոսյանը նշել է, որ խոսքը Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված եւ կողմերի միջեւ մեծ մասամբ համաձայնեցված ծրագրի մասին է, որը նախատեսում է եւ տարածքների վերադարձ եւ խաղաղապահների տեղակայում: Առաջին նախագահը հիշեցրել է՝  Մադրիդյան սկզբունքները որդեգրել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, եւ հենց նա էլ Ղարաբաղին զրկել է հակամարտության իրավահավասար կողմի կարգավիճակից։ 

Ստեղծված իրավիճակին այսօր արձագանքել է  նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Նա հայտնել է , որ չի պատրաստվում Սերժ Սարգսյանի հետ նմանատիպ հանդիպում նախաձեռնել՝ քննարկելու նպատակով: «Հիմա շատ ավելի կարեւոր է անհապաղ լուծել բանակը ժամանակակից սպառազինությամբ ապահովելու հարցը»,-  նշել է Քոչարյանը։

Ապրիլի 10-ին Վալենսիայի հիվանդանոցներից մեկում մահացել է հայտնի ռեժիսոր, հեռուստապրոդյուսեր Սուրեն Թադեւոսյանը։ 40-ամյա ռեժիսորը տեւական ժամանակ բուժում էր ստանում Իսպանիայում։

Ապրիլի 12-ին   Երեւանում   ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:  Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի մինչև 10, իսկ վաղը ցերեկը՝ մինչև 18 աստիճան տաքություն

Այսօր հիմնական արտարժույթների փոխաժեքները աճել են: Դոլարի փոխարժեքն այսօր՝   կազմել է 483,   Եվրոյինը   550,  ֆունտինը     686 , իսկ ռուսական ռուբլունը՝ 7.22 դրամ: