Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը հակառակորդի կրակոցից Պաշտպանության բանակի երկու զինծառայող է մահացել: Թալիշի ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասումմահացու հրազենային վիրավորում է ստացել Համլետ Հաջոյանը: Մարտունու ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել Մանվել Գեւորգյանը: Գիշերը հակառակորդը կրակել է նաեւ նաեւ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում՝ Տավուշի ուղղությամբ:
Այս պահին Հայաստանի եւ Արցախի հիվանդանոցներում բուժվում է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորված 125 զինծառայող: Նրանցից 5-ի վիճակը ծանր է: Պաշտպանության նախարարությունը հայտնում է՝ անհրաժեշտության դեպքում կքննարկվի արտերկրում վիրավորների բուժումը կազմակերպելու հնարավորությունը:
Երեւանի փոխարեն Մոսկվայում կայացած ԵՏՄ վարչապետերի հանդիպմանը գործընկերներին ասվել է, ինչ որ պետք է, բայց նիստը բոյկոտելը նպատակահարմար չէր՝ լրագրողներին ասել է Շավարշ Քոչարյանը: Փոխարտգործնախարարը բացատրել է՝ մենք չենք կարող նեղացածի կեցվածք ընդունել ամեն անգամ, երբ Հայաստանի համար ոչ շահավետ որոշում է կայացվում, Ադրբեջանի ուզածն էլ հենց դա է՝ մեկուսացնել Հայաստանը, դաշնակիցների միջեւ սեպ խրել:
Լոս Անջելեսում հայ կինը սպառնալիքներով նամակ է ստացել այն բանից հետո, երբ իր տան արտաքին պատին կախել է Հայաստանի դրոշը՝ ի պատիվ հերոսի մահով ընկած հայ տղաների: Հասմիկ Չաթալյանը սպառնալիքներով նամակ է ստացել, որում գրված էր. «Դուք դեռ կզղջաք»: Չաթալյանների ընտանիքը չի վախեցել, եւ դրոշը չի հանել, մի բան էլ կողքին երկրորդն է կախել: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը՝ որպես ատելության հողի վրա կատարված ակտ:
«Չգիտեմ, այդպես ստացվեց»: Նախաքննության ժամանակ այսպես է պատասխանել Վալերի Պերմյակովը քննիչի հարցին, թե ինչու է սպանել Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամներին: Պերմյակովի հարցաքննությունն այսօր հրապարակվել է դատարանում: Նա պնդել է, որ Ավետիսյանների տուն է մտել պատահաբար՝ ջուր խմելու եւ գումար վերցնելու, որ հետո Թուրքիայի տարածքով տուն հասնի: Մինչեւ այդ մոտ երկու ժամ թափառել է քաղաքում, փորձել է այլ տներ մտնել, սակայն միայն Ավետիսյանների դարպասն է բաց եղել: Պնդել է, որ սպանելու մտադություն չուներ, բայց երբ տուն է մտել, կինը բղավել է, ինքն էլ կրակել է, որ ոստիկանություն չկանչեն: Հետո գնդակահարել է ընտանիքի մյուս անդամներին: Հարցին, թե ինչու է վիրավորել 6-ամսական Սերյոժային, Պերմյակովը պատասխանել է՝ որովհետեւ լաց էր լինում, իսկ ինչու հենց սվին դանակով, որովհետեւ ինքնաձիգը լռվել էր: Նրա խոսքով՝ ինքն անձամբ է ցանկացել ծառայել Հայաստանում, քանի որ Չիտայի հետ համեմատած, կլիման այստեղ ավելի մեղմ է: Պարզվել է, որ նախքան բանակ զորակոչվելը Պերմյակովը բազմիցս բերման է ենթարկվել ոստիկանություն, մի քանի անգամ թմրանյութ է օգտագործել:
Անակնկալ դատավճիռ Վանաձորում: Դատարանը արդարացրել է 15-ամյա հանդբոլիստի սպանության մեջ մեղադրվող Կարեն Կունգուրցեւին եւ ազատ արձակել:: Վանաձորում բոլորը խոսում էին, որ իրական մարդասպաննը ԱԱԾ պաշտոնյայի որդի է, նույնիսկ սպանվածի հարազատներն էին պնդում, որ Կարենն անմեղ է, ինչն ապացուցելու համար , 2 տարի 7 ամիս պահանջվեց: Կունգորցեւը այդ ամբողջ ժամանակ ստիպված էր մնալ կալանավայրում: 15-ամյա Դավիթ Հովակիմյանին դսանակահարել էին Վանաձորում, ուր նա մեկնել էր հանդբոլի առաջնությանը մանսակցելու:
Դոլարն ու եվրոն այսօր աննշան էժանացել են, իսկ ֆունտն ու ռուբլին՝ աննշան թանկացել: Այսպիսով դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 482, եվրոյինը՝ 543, ֆունտինը 683, իսկ ռուբլունը՝ 7.31 դրամ:
Ապրիլի 16-ին օրվա երկրորդ կեսին Երեւանում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +10-ի, իսկ վաղը ցերեկը՝ +22 –ի:











