- Ի՞նչ եք խորովում:
- ՊԲ երշիկ... բոյեվոյ մարդ ենք էլի, ի՞նչ անենք, պոստերի կյանքն ա:
Հովոն ծիծաղում է՝ հենց պատրաստ լինի, դուք էլ պիտի համտեսեք, 4 օր ա՝ սպասում ենք ձեզ, ասում են՝ գալու եք, ու չկաք:
Մինչ Հովոն ու ընկերները խորոված են անում, գնում ենք մյուս զինվորներին հանդիպելու. ժամանակ քիչ ունենք. Ջրակնի (Ջեբրայիլ) դիրքերից վերադարձի ճանապարհը երկար է լինելու: (ֆոտոռեպորտաժ)
-Շատ դժվար ա անցել, բայց դիմակայել ենք, փորձել ենք ամենադժվար պահին միշտ հիշել մեր ընտանիքներին: Ընկերներ ենք կորցրել, շատ ենք ցավում, իրենց ընտանիքներին էլ ցավակցում ենք, իրենց ուժ ենք ցանկանում: Էդքանի հետ մեկտեղ՝ կարեւոր ա, որ էլի ժպիտով ենք, հանաքն էլ կա, երգուպարն էլ,- մեզ ուղեկցող՝ ականանետային մարտկոցի հրամանատար, կապիտան Մարտիրոսյանը 4 օր տեւած պատերազմի մասին է խոսում:
Վայրկյաններ հետո բոլորի ուշադրության կենտրոնում մենք ենք, զինվորներից ոմանք մոտենում են, շփվում, ոմանք հեռվից են հետեւում:
-Ամեն մեկը մի հերոս է, կռիվ է տվել, ուղղակի ամաչում են գալ, կամերայի առաջ խոսել,- բացատրում է հրամանատարը ու ժպտում տեսախցիկից փախչող զինվորի հետեւից,- Սնարյադը կողքդ տրաքում ա, բան չես անում, կամերան պահում ա, փախնում ես:
5 րոպե անց մեր ֆոտոխցիկը բոլորին մի տեղ է հավաքում. հարազատները լուսանկարներում կտեսնեն, կիմանան, որ ողջ ու առողջ են: Ու հետզհետե զինվորներն ընտելանում են մեր «զենքերին»:
-Բոլորս էլ պատրաստ ենք, կանգնած ենք մեր հայրենիքի, մեր ընկերների համար: Մենք կարողացել ենք դիմակայել, որովհետեւ գիտեինք, որ առաջնագծում մեր զինվորն է կանգնած, մեր մի պայթյունից մեկի կյանքը կփրկվի,- տեսախցիկի առջեւ առաջինը համարձակվում է խոսել մարտկոցի ավագ սպան՝ Մուրադյանը:
- Այ էն տղերքը հակառակորդի 60 հոգանոց խումբ են չեզոքացրել,- Մուրադյանը մատնացույց է անում Հովոյին, Մարատին ու Ռուբենին: 19-ամյա տղաներն այնպես են կանգնած, կարծես ոչ մի արտառոց բան էլ չեն արել:
- Ինձ ասել են ձեր արածի մասին, ավելի մանրամասն չեք պատմի՞՝ ինչ է եղել:
- Դե ասել են, էլ ի՞նչ ասենք:
-Ես կուզեի, որ դուք պատմեիք,- համառում եմ ես:
-Դե, ամսի 2-ին էր, լուսաբացին, տագնապ տվեցին, եկանք ստեղ, տեսանք, որ իսկական պատերազմը սկսվել ա: Միջոցներ ձեռք առանք, հակառակորդին խոցեցինք, իրենք փախնում էին մեր ականանետերից,- կարճ է կապում 19-ամյա Ռուբենը:
-Մեզ ասում են՝ ուղիղ նշանառման կետով դեմ դիմացներդ են, կրակը վարեք այդ ուղղությամբ: Հետո իմանում ենք, որ տանկ ենք ոչնչացրել, ասում են՝ ավելի աշխույժ կրակ վարեք էդ ուղղությամբ: Էդ պահին տանկերով մեր ուղղությամբ են կրակում, բայց մենք էլի առանց ընկճվելու մեր մինամյոտներով սկսում ենք կրակել իրենց ուղղությամբ, իրենց 60 հոգանոց խումբն սկսում ա փախուստի դիմել, նահանջել: Էլի կրակ ենք վարում, ասում են՝ մի կամազ մարդ ա գալիս դիրքավորվելու, էդ մի կամազն էլ ենք ոչնչացնում... Տենց բաներ,- շարունակում է Հովոն, ապա ավելացնում,- Էս ա զինվորի կյանքը: Ասում ա՝ զինվորը պետք է չքնի, զինվորը պետք է ընդամենը հանգստանա: Մենք այստեղ ենք, որ մեզ սպասողները առանց ընկճվելու սպասեն:
Ու թող հաստատ իմանան, որ մենք հաստատ կգանք,- հավելում է Մարատը:
-Թուրքը մոծակի նման բան ա, ո՞նց կվախենաս թուրքից: Մինչեւ ստեղ հասնելն ա վախը, ստեղից հետո պետք ա վախը կորի,- եզրափակում է Հովոն:
Մենք զրույցն ավելի մտերմիկ մթնոլորտում ենք շարունակում՝ առանց տեսախցիկների. պարզվում է` հարձակման օրը հենց այդ տարածքում երկու ընկեր են կորցել: Մանրամասները չեն ուզում հիշել. ասում են՝ ամեն ինչ արել են, որ փրկեն, բայց չեն կարողացել: Միասին տխրում ենք, քայլում դեպի ընթրիքի սեղանը: Առաջին կենացն ընկած ընկերների հիշատակին է:
Մի քանի րոպե անց բոլորս բարձր տրամադրությամբ ենք, ընթրիքի սեղանի շուրջ: Իմ պատկերացրած պատերազմից Գեւի «Գինի լիցի» ու «ՊԲ երշիկի» խորովածի հոտն է գալիս...
Հ.Գ. Միայն վերադարձի ճանապարհին իմացա՝ տղաներից մեկն էլ երկու վիրավոր ընկերներին էր փրկել՝ իր կյանքը վտանգելով. խնդրել էր, որ իր մասին ինձ ոչինչ չասեն, որ հարցազրույց չտա:











