Հայաստանը հանդես է գալիս երկխոսության եւ Լեռնայի Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Բոլորը, եւ նախ եւ առաջ` Եվրասիայի երկրների խորհրդարանականները պիտի հասկանան, որ բոլոր հակամարտությունները պիտի լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ երկրորդ` բոլոր ժողովուրդները, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ազատ եւ անկախ երկիր լինելու: Մենք կողմ ենք երկխոսությանը, ժողովրդավարությանը եւ խաղաղ կարգավորմանը», — հայտնել է նա:

Փոխնախագահի խոսքով, «ոչ Հայաստանը, ոչ Լեռնային Ղարաբաղը երբեք չեն խոսել այս հակամարտության ռազմական լուծման մասին»:

Միաժամանակ Շարմազանովը հայտնել է, որ Թուրքիան միակողմանի դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղում հակամարտության լուծման վերաբերյալ: Նրա խոսքով, Թուրքիան միակ երկիրն է, որը հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ղեկավարության գործողություններին: