Ես Հայաստանի մասին շատ բան չգիտեի, մինչ ինձ «Ավրորա» մրցանակին առաջադրելը, սակայն լսել էի ցեղասպանության մասին, որ կատարվել է բազում տարիներ առաջ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պակիստանցի Սայիդա Ղուլամ Ֆաթիման, որը «Ավրորա» մրցանակի դափնեկրի չորս հավակնորդներից մեկն է:
«Իսլամի համաձայն՝ մեր մարգարեն ասել է, որ նույնիսկ մեկ մարդու սպանությունը մարդկության դեմ հանցանք է: Սա միայն չի վերաբերում այն ժողովրդին, որը ցեղասպանության է ենթարկվել, սա ամբողջ մարդկությանն է վերաբերում: Մենք պետք է խուսափենք պատերազմներից, սիրենք մարդկանց»,- ասաց Սայիդա Ղուլամ Ֆաթիման:
Պակիստանցի բարերարի խոսքով՝ այսօր պետք է պայքարել անհավասարության, խտրականության դեմ. «Մենք չպետք է վրեժ լուծենք, պետք է ներենք եւ առաջ շարժվենք: Պետք է սեր եւ խաղաղություն տարածենք մարդկության մեջ»:
Նշենք, որ Սայիդա Ղուլամ Ֆաթիման իր կյանքը նվիրել է պարտքի դիմաց ֆիզիկական շահագործման ենթարկվողներին փրկելուն՝ փորձելով վերացնել մերօրյա ստրկության վերջին ձեւերից մեկը։ Ֆաթիման Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» (BLLF) գլխավոր քարտուղարն է։ Կազմակերպության ջանքերով փրկվել են աղյուսի թրծման գործարաններում պարտքի դիմաց բռնությամբ աշխատող 80,000 մարդու, նրանց թվում՝ 21,000 երեխա։ Նրանց պարտքի տոկոսներն այնքան բարձր են, որ այդ մարդիկ ամբողջ կյանքում, ըստ էության, հարկադրված են աշխատել ծայր աղքատության եւ հաճախ նաեւ դաժան պայմաններում։ Ֆաթիմայի դեմ բազմաթիվ մահափորձեր են իրականացվել։ Գործունեության ընթացքում նա բազմիցս ենթարկվել է ֆիզիկական բռնության։











