Քիշնեւի կենտրոնում հակակառավարական ցույցեր են տեղի ունենում: Ցուցարարները շրջապատել են կառավարության շենքը, իսկ ոստիկանությունը ցուցարարներին ամուր օղակի մեջ է առել: 

Sputnik.md-ն հայտնում է, որ ամբոխը շարժվել է այն տան ուղղությամբ, որտեղ ապրում է գործարար Վլադիմիր Պլախոտնյուկը: Նրանք ճեղքել են ոստիկանական օղակը, ոստիկանների ուղղությամբ քարեր եւ ձվեր են նետել: Անկարգություններ են սկսվել: Ոստիկանները հանգստության կոչ են անում, ի պատասխան նրանց վրա քարեր, ձվեր, ջրով լի շշեր են նետում: Վիրավոր ոստիկանի են նկատել:

«Արժանապատվություն եւ ճշմարտություն» (DA) հարթակի կազմակերպած հակակառավարական ցույցի մասնակիցները պահանջել են նախագահական ընտրություններրի հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Ցուցարարները միաձայն քվեարկել են համապատասխան որոշման ընդունման օգտին, հայտնում է Point.md-ն:

DA հարթակի ակտիվիստ Կիրիլլ Մոցպանը հանրահավաքի մասնակիցներին է դիմել` օրենքի շրջանակում ցույց անցկացնելու եւ սադրանքների չենթարկվելու կոչով: Ոստիկանությունը, որը միջոցառման ընթացքում հետեւում է կարգ ու կանոնին, սեփական պաստառն է բացել  խաղաղ ցույցի համար շնորհակալական խոսքերով:   

Ժամը մոտ 15:00-ին Մոցպանը ցուցարարներին կոչ է արել շրջապատել կառավարության շենքը, որպեսզի իշխանության ներկայացուցիչները դուրս գան նրանց հետ բանակցությունների, հայտնում է   Newsmaker.md-ն: Մինչ ակցիայի մասնակիցները շարասյուներ էին կազմակերպում կառավարության շենքը շրջապատելու համար,  ոստիկանությունն այն ամուր  օղակի մեջ է առել: Հատուկ նշանակության ջոկատները վահաններով եւ  մահակներով կենտրոնացել են շենքի շուրջ: 

Սոցցանցերի օգտատերերը գրում են, որ գործնականում անհնար է շրջաններից հասնել ցույցի. միմիայն անձնական փոխադրամիջոցներով: Մոլդովայի մայրաքաղաքի կենտրոնում շարժումն արգելափակված է,  ավտոբուսներ եւ տրոլեյբուսներ չեն աշխատում, ինչը տրանսպորտի կազմալուծմանն է հանգեցրել,- հայտնում է  «Բլոկնոտ-Մոլդովան»: