Բուրունդիից Մարգարեթ Բարանկիցեն այսօր՝ ապրիլի 24-ին հռչակվել է «Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկիրը։ Մրցանակը նրան հանձնել է Ընտրող հանձնաժողովի համանախագահ, հայտնի դերասան Ջորջ Քլունին, որը հենց այդ նպատակով ապրիլի 22-ին ժամանել է Հայաստան:

Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տան եւ REMA հիվանդանոցի հիմնադիրը ճանաչման արժանանալով այն բացառիկ ազդեցության համար, որ Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին ունեցել է՝ հազարավոր կյանքեր փրկելով եւ խնամելով որբերին ու փախստականներին։

Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունիից ընդունելով «Ավրորա» մրցանակը՝ Մարգարիտ Բարանկիցեն ասաց. «Մեր արժեքները մարդկային արժեքներն են: Երբ դուք ունեք կարեկցանք, արժանապատվություն ու սեր, ապա ոչինչ չի կարող վախեցնել ձեզ, ոչինչ  եւ ոչ ոք չի կարող կանգնեցնել ձեզ: Որեւէ բան չի կարող հաղթել սիրուն՝ ոչ բանակները, ոչ ատելությունը, ոչ հետապնդումները, ոչ սովը. ոչինչ»։

Որպես «Ավրորայի» դափնեկրի Բարանկիցեին շնորհվելու է 100,000 ԱՄՆ դոլարի պարգեւ, իսկ դափնեկիրն ինքը շարունակելու է նվիրատվության շղթան՝ ուղղորդելով 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհն այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են իրեն՝ գործելու։ Մարգարիտ Բարանկիցեն նախատեսում է նվիրատվություն ուղղել երեք կազմակերպությունների՝ մարդասիրական օգնության, որբերին խնամելու եւ երեխաների աղքատության դեմ պայքարելու նպատակով: Դրանք են՝ Fondation du Grand-Duc et de La Grande-Duchesse du Luxembourg (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի եւ Մեծ Դքսուհու հիմնադրամ), Fondation Jean-François Peterbroeck («Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամ) եւ Fondation Bridderlech Deelen Luxembourg («Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամ):

«Ես ընտրել եմ այս կազմակերպությունները, որովհետեւ նրանք աջակցում են ինձ եւ երբեք չեն լքում՝ նույնիսկ դժվարին ժամանակներում: Նրանք նույն սկզբունքն ունեն, ինչ ես եւ Մեզոն Շալոմը՝ կարեկցանք, բարյացակամություն, արժանապատվություն եւ մեծահոգություն»,- ասաց Բարանկիցեն:

«Մարգարիտ Բարանկիցեն մեզ հիշեցնում է, որ նույնիսկ անհաղթահարելի թվացող  հալածանքների եւ անարդարության հանդիպելիս, մեկ մարդն անգամ մեծ ազդեցություն կարող է ունենալ,- ասաց Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին եւ շարունակեց,- տեսնելով Մարգարիտ Բարանկիցեի  խիզախությունը, կամքն ու նվիրվածությունը, ես հուսով եմ, որ նա կարող է ոգեշնչել մեզնից յուրաքանչյուրին մտածելու, թե ինչ մենք կարող ենք անել հանուն նրանց, ում իրավունքները ոտնահարվում են եւ ովքեր  մեր աջակցության կարիքն ունեն»:

Մարգարիտ Բարանկիցեն Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել ու խնամել որբերին ու փախստականներին: 2008 թվականին նա հիմնել է հիվանդանոց, որում մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ։

Հյուրերը մեծարանքի են արժանացրել նաեւ մրցանակի մյուս երեք հավակնորդներին՝ Թոմ Քաթինային (Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոց), Սայիդա Ղուլամ Ֆաթիմային (Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» գլխավոր քարտուղար), եւ Հայր Բերնարդ Կինվիին (Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Բոսեմտելե քաղաքի կաթոլիկ միսիայի վանահայր)։ Նրանք 25.000 ԱՄՆ դոլար  նվիրատվություն կստանան՝ ուղղելու այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են նրանց:

«Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը ներկա են եղել նաեւ մարդասիրության ասպարեզի առաջատարներ եւ  «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներ Գարեթ Էվանսը, Հինա Ջիլանին, Լեյմա Գբովեն, Շիրին Էբադին եւ Վարդան Գրեգորյանը։

Արարողության ընթացքում ելույթներ են ունեցել 100 LIVES եւ Aurora Prize նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը եւ Ռուբեն Վարդանյանը:

Արարողությունը վարել են օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը եւ Washington Post թերթի սյունակագիր, գրող եւ հրապարակախոս Դեվիդ Իգնատիուսը:

Արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Նշենք, որ Aurora Prize մրցանակաբաշխությունը ստեղծվել է, որպեսզի Ցեղասպանությունը վերապրած բոլոր հայերի անունից շնորհակալություն հայտնի փրկիչներին: Հարյուր տարի առաջ նրանց դրսեւորած քաջության հիշատակին մրցանակով պարգեւատրվելու են ժամանակակից հերոսները, որոնք վտանգում են իրենց կյանքը հանուն ուրիշների փրկության:

«Ավրորա» մրցանակը շնորհելով՝ 100 LIVES նախաձեռնությունը ճանաչման է արժանացնում մերօրյա հերոսներին, որոնք անձնվիրաբար օգնում են մարդկանց: Այն հիմնել են հայ գործարարներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանն ու Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը: