Ռուսաստանի օլիմպիական մայրաքաղաքում` Սոչիում տեղի է ունեցել Երիտասարդ հայրենակիցների II համաշխարհային խաղերի բացումը: NEWS.am-ի հատուկ թղթակիցը հայտնում է, որ Հայաստանը 11 մարդ է ներկայացնում, այդ թվում` 9 մասնակից եւ 2 մարզիչ: Թիմում հիմնականում Երեւանից եւ Էջմիածնից երեխաներ են: Հայկական հավաքականի անդամները կմասնակցեն շախմատի եւ սեղանի թենիսի մրցումների (ֆոտոռեպորտաժ):
Կազմակերպիչների խոսքով, Սոչի են եկել հայրենակիցներ նաեւ Սիրիայից, Ավստրիայից, Դանիայից, Իռլանդիայից, Իսպանիայից, Լիտվայից, Էստոնիայից, Լյուքսեմբուրգից, Սլովենիայից, ԱՄՆ-ից եւ այլ երկրներից:
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Երիտասարդ հայրենակիցների II համաշխարհային խաղերի կազմակերպչական կոմիտեի համանախագահ Օթարի Արշբան նշել է, որ աշխարհի 45 երկրից մինչեւ 15 տարեկան 600 պատանի է եկել:
Ռուսաստանի սպորտի փոխնախագահ, Երիտասարդ հայրենակիցների II համաշխարհային խաղերի կազմակերպչական կոմիտեի համանախագահ Մարինա Տոմիլինայի խոսքով, ծրագրում բասկետբոլի, վոլեյբոլի, մինի-ֆուտբոլի, լողի, սեղանի թենիսի եւ շախմատի մրցումներ են ընդգրկված: Նա նաեւ նշել է, որ մարզաձեւերի ընտրության սկզբունքը թելադրված է դպրոցական ծրագրերով` երկրների մեծամասնությունում խաղերի հենց այդ տեսակներն են ներառված ֆիզիկական դաստիարակության պարտադիր ծրագրում:
Պետդումայի պատգամավոր, Դպրոցական սպորտի համառուսաստանյան ֆեդերացիայի նախագահ, օլիմպիական եռակի չեմպիոնուհի Իրինա Ռոդնինան ընդգծել է, որ սպորտն ընտրվել է որպես միավորող հիմք. «Երիտասարդ հայրենակիցների խաղերը մարզական մրցություն չէ, ոչ էլ օլիմպիադա: Սա շփվելու, խաղի, սպորտի միջոցով, բանավեճերի ընթացքում կապեր ստեղծելու հնարավորություն է: Մեզ համար շատ կարեւոր է երեխաների հետ շփումը, այն տեղեկատվությունը, որը նրանք այս օրերին ստանում են Ռուսաստանի, իրար մասին»: «Ռուսհամագործակցություն» Դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ռադկովը հայտնել է, որ ֆորումի ծրագրի մի առանձին մաս նվիրված է «Ռուսերենով երկխոսություններին»: Միաժամանակ նա նշել է, որ ոչ բոլոր օտարերկրացի մասնակիցներն են սահուն խոսում ռուսերեն, բայց փորձում են անել դա: Այսօր ռուսերենն այդ լեզվով խոսողների ընդհանուր թվով 6-րդ տեղն է զբաղեցնում: Իսկ ռուսական օտարերկրյա սփյուռքը մտնում է մոլորակի չորս խոշորագույնների մեջ: «Խաղերը ռուսերենով շփվելու հրաշալի հնարավորություն են, եւ դա շատ կարեւոր է: Մենք փոստով շատ նամակներ ենք ստանում երեխաներից, որոնք հայրենակիցներ չեն, սակայն Խաղերին մասնակցելու ցանկություն են հայտնում», - ասել է Ռադկովը:
«Ռուսհամագործակցության» «Նոր սերունդ» պետական ծրագրի շրջանակում առաջին անգամ Երիտասարդ հայրենակիցների համաշխարհային խաղերին 17 երկրից երիտասարդ լրագրողներ են մասնակցում, քաղաքական, հասարակական, գիտական եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ, որոնք Ռուսաստան են ժամանում փորձի փոխանակման համար:
Երիտասարդ հայրենակիցների I համաշխարհային խաղերը տեղի էին ունեցել 2015-ի ապրիլին եւ 529 մասնակից էին հավաքել:
Սոչիում ընթացող երիտասարդ համահայրենակիցների համաշխարհային երկրորդ խաղերի բացմանը Հայաստանի պատվիրակության անդամները անհարմար իրավիճակում էին հայտնվել, նրանք կրում էին իրարից տարբեր մարզահագուստները: Նկատենք, որ մասնակից 42 երկրների մարզական թիմերից յուրաքանչյուրը միատեսակ մարզահագուստով էր: Հայաստանի պատվիրակության մարզահագուստը տրամադրել է Հայաստանի ազգային Օլիմպիական Կոմիտեն:











