Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր ուղղություններում նկատվում է ադրբեջանական զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր տեղեկացնում  է Պաշտպանության բանակը: Հանգստյան օրերին հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը, հիմնականում՝ հրաձգային զինատեսակներից, նաեւ անկանոն կրակ է բացել հայ- ադրբեջանական սահմանին՝ Տավուշի ուղղությամբ:

Մարտունու ուղղությամբ հակառակորդի գործողությունների հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող 25-ամյա Աշոտ Զոհրաբյանը: Նա Արարատի Այնթափ գյուղից էր, ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը:

Մայիսի 2-ին Ստեփանակերտի հիվանդանոցում մահացել է 20-ամյա զինծառայող Սարգիս Գասպարյանը: Նա որովայնի շրջանում վիրավորում էր ստացել ապրիլի 29-ին, երբ փորձել էր օգնել վիրավորված ընկերոջը: Սարգիսը Շուշի քաղաքից էր, ուսանող:

Երեւանի քաղաքապետարանը 1,5 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն կցուցաբերի երեւանաբնակ զոհված զինծառայողների, 500 հազարական դրամ էլ՝ վիրավորների ընտանիքներին: Այս օգնությունը հնարավոր է դարձել «Էրեբունի-Երեւան» տոնակատարության ծախսերը կրճատելու հաշվին: Քաղաքապետարանն այժմ ուսումնասիրում է զոհված երեւանաբնակ զինծառայողների`վարձով ապրող ապրող ընտանիքներին բնակարանով ապահովելու հնարավորությունը:

«Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ բանակը սպառազինելու համար օլիգարխներին կուլակաթափ անելու կոչերը տանում են նեոբոլշեւիզմի եւ հասարակության տրոհման: Աշոտյանի համար անհասկանալի են նաեւ պատերազմի օրերին հնչող իշխանափոխության պահանջները: Նրա համոզմամբ՝ սա կեղծ օրակարգ է, որը որոշ քաղաքական ուժեր ստեղծում են ընտրություններին ընդառաջ

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ պետք է հանդիպի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Մինչեւ այդ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր նախաձեռնությամբ հանդիպել էր Սերժ Սարգսյանի հետ: Նշենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին անգամ Լեռնային Ղարաբաղում եղել է 2007 թվականին՝ Հայաստանի նախագահական ընտրությունների նախաշեմին:

Մարտակերտից Վանաձոր տեղափոխված Լիանան ապրիլի 30-ին դուստր է լույս աշխարհ բերել: 3 կգ 300 գ քաշով ծնված Մարիան Աղաբեկյանների երկրորդ զավակն է: Լիանայի ամուսինը առաջնագծում է,  մի քանի օրով դիրքերից իջել է՝ կնոջն ու դստերը այցելելու համար:

Ողբերգական վթար է տեղի ունեցել Գեղարքունիքում: Ծովակ գյուղի մոտ բախվել են «Մերսեդես» եւ «Կիա» մակնիշի մեքենաները: Վթարի հետեւանքով վեց մարդ է մահացել: Երեքը նույն ընտանիքի անդամներ էին՝ էջմիածնեցի երիտասարդ ամուսիններն ու նրանց 10 ամսական դուստրը: Նրանց մյուս երեխան տեղափոխվել է հիվանդանոց: 2-ամյա Հասմիկն ստացել է գլխուղեղի ցնցում եւ ազդրի կոտրվածք: Նրա վիճակը կայուն ծանր է: «Մերսեդեսի» վարորդն ու 2 ուղեւորները նույնպես մահացել են, նրանք Վարդենիս քաղաքից էին:

Եվս մեկ դժբախտ պատահար գրանցվել է Երեւանում: Շիրակի փողոցում «Մերսեդեսը» բախվել է կայանված «Մերսեդեսին», որն էլ առաջ ընթանալով բախվել է առջեւում կայանված «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենային: Վերջինի վարորդը՝ 56-ամյա Գագիկ Մելիքյանը, մնալով  երկու մեքենաների արանքում ստացել է մարմնական վնասվածքներ, տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել է

37-ամյա Անուշ Եղիկյանը, որը տուժել էր Երեւանում 63 երթուղու ավտոբուսի պայթյունից, արդեն իրեն լավ է զգում, հիվանդանոցից դուրս է գրվել: 18 շաբաթական հղի կնոջն ու պտղին վտանգ չի սպառնում: Անուշը դեպքից քիչ բան է հիշում: Դուրս գրվելուց հետո Անուշը կվերադառնա Արցախ. նրա ամուսինը ծառայում է Քարվաճառում:

Տեսախցիկները ֆիքսել են Երեւանում ավտոբուսի պայթյունի ենթադրյալ հեղինակ Ռուբեն Բալյանի շարժը պայթյունի օրը՝ ապրիլի 25-ին: Պայթյունից մեկուկես ժամ առաջ նա ուսապարկով շարժվել է մոր տան ուղղությամբ: 21:44-ին տեսախցիկը ֆիքսել է, ինչպես է նա բարձրանում 63 համարի ավտոբուս: Հաշված րոպեներ անց ավտոբուսը պայթել է: Հիշեցնենք, որ պայթյունի հետեւանքով բացի Ռուբեն Բալյանից զոհվել է մեկ ուղեւոր, վիրավորվել 8-ը:

Երեւանի Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցում ապրիլի 20-ին տեղի ունեցած միջադեպով քրեական գործ է հարուցվել ծեծի հատկանիշներով: Ըստ մամուլի հրապարակումների՝ աշակերտի հոր ու տեխնոլոգիայի ուսուցչի միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Պատճառը, ըստ ծնողների, այն է, որ ուսուցիչը ոլորել է իրենց որդու ականջը:

«Եվրատեսիլին» Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը առաջին փորձն է արել Ստոկհոլմի բեմին: Եվրատեսիլ երգի մրցույթն այս տարի կմեկնարկի մայիսի 12-ին։ Մեր մանակիցը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլում, 7-րդ համարի ներքո։

Մայիսի 2-ին բոլոր հիմնական արտարժույթների փոխարժեքները նվազել են,  դոլարի փոխարժեքը կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 549, ֆունտինը 699, ռուբլունը՝ 7.37 դրամ: 

Երեւանում մայիսի 3-ին հնարավոր է  կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի մինչև  10, իսկ վաղը ցերեկը՝  մինչև  22 աստիճան տաքություն։