Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան դիմաց այսօր՝  հունիսի 13-ին, կայացել է մոմավառություն՝ ի հիշատակ Ամերիկայի Օռլանդո քաղաքի գեյ-ակումբում տեղի ուենցած հրաձգության  50 զոհերի։ Ակցիան կազմակերպել էին Հայաստանի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ մոմավառության մասնակիցները մոմեր են վառում եւ ծաղիկներ դնում  դեսպանատան դիմաց՝ հարգելով հրաձգության  զոհերի հիշատակը:

PINK-Armenia կազմակերպության անդամ Մամիկոն Հովսեփյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մոմավառությունը կյազմակերպվել է ահաբեկչության հետեւանքով զոհվածների հիշատակին եւ այդ քայլով ցանկանում են ցույց տալ, որ ահաբեկչությունն անընդունելի է, եւ հայերը միշտ կանգնած են այն ժողովուրդների ոկղքին, որոնք ահաբեկչության զոհ են դառնում։

Մոմավառության մասնակիցներին մոտեցավ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, շնորհակալություն հայտնեց նրանց։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ի գիշերը Օռլանդո քաղաքի գեյ-ակումբում ԱՄՆ պատմության մեջ ամենազանգվածային հրաձգության հետեւանքով, ըստ վերջին տեղեկությունների, զոհվել է 49 մարդ, 53-ն էլ վիրավորվել են։ Կասկածյալ Օմար Մաթինը, ՀԴԲ տեղեկություններով, զանգահարել էր շտապ օգնության հեռախոսահամարով ու հայտնել, որ ինքը ԻՊ գաղափարակիր է: Երեք ժամ տեւած դիմադրությունից հետո ոստիկանների գրոհի արդյունքում ահաբեկիչը սպանվել էր։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կատարվածն ահաբեկչություն է անվանել: