ԵՏՄ անդամ երկրները հունիսի վերջին փորձագիտական մակարդակով բանակցություններ կվարեն Իրանի հետ Ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ։ Այս մասին ՏԱՍՍ–ին ասել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովը։
«Մենք բանակցություններ ենք պլանավորում հունիսի վերջին։ Դրանք ԵՏՄ երկրների փորձագետների մակարդակով խորհրդատվություններ կլինեն»,– ասել է Լիխաչովը։
Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվելու է Իրանի հետ ԱԱԳ ստեղծելու հարցը։ «Քանի որ Իրանը Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ չէ, եւ այնտեղ առեւտրի կարգավորման հատուկ ազգային միջոցներ են գործում, պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք մենք մեր շահերը հարմարեցնել այդ կանոններին»,– ասել է նա։
Նշենք, որ ԵՏՄ–ի եւ Իրանի միջեւ ԱԱԳ հարցով խորհրդատվությունները սկսվել են մայիսին։
Ռուսաստանը պատրաստ է Իրանի համար բացել իր արտահանման ամբողջ տեսականին։ Միաժամանակ Լիխաչովը նշել է, որ Ռուսաստանը դեռ բանակցում է ԵՏՄ մյուս անդամների հետ այն մասին, թե ապրանքների ինչ խմբեր են պատրաստ բացել նրանք։





























