Հաջորդ սերնդի Ford Focus մեքենան չի լինի երեքդռնանի: Այդ մասին «ԱվտոՌամբլերին» ասել է նոր Focus-ի մշակման նախագծի ղեկավար Հելմութ Ռեդերը:
Նրա խոսքով, երեքդռնանի հեթչբեքը գնում էին այն մարդիկ, ովքեր ցանկանում էին ավելի գեղեցիկ եւ սպորտային տեսքով մեքենա ունենալ: Սակայն նոր սերնդի դիզայնը անգամ հինգդռնանի տարբերակով բավական վառ եւ դինամիկ է ստացվել, ուստի երեքդռնանի տարբերակի անհրաժեշտությունը կորել է:
Երրորդ սերնդի Ford Focus-ը սեդան եւ հեթչբեք թափքերով ներկայացվել է տարվա սկզբին` Դեթրոյթում: Մարտին Ժնեւում ներկայացվել է ունիվերսալ տարբերակը: Նորույթը Եվրոպայում եւ ԱՄՆ-ում կսկսեն վաճառվել դեկտեմբերին, իսկ Ռուսաստանում կհայտնվի հաջորդ տարի:
Մոդելը նախկինի պես կհավաքվի Վսեվոլոժսկի գործարանում:





























