Եղեգնաձոր քաղաքում կայացել է Ղարաբաղում զոհված սպա Վարդան Վարդանյանի անվան հուշամրցաշարը։ Միջոցառումը կայացել է N1 դպրոցում Բռնցքամարտի ֆեդերացիայի Վայոց Ձորի մարզի մասնաճյուղի նախաձեռնությամբ։

Մրցաշարին մասնակցել են երիտասարդ մարզիկներ Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի, Լոռիի, Սյունիքի մարզերից եւ Երեւանից։ Մրցաշարի բացմանը ներկա էր նաեւ փոխմարզպետ Մելս Հարությունյանը։

NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում մրցաշարի կազմակերպիչ, Բռնցքամարտի ֆեդերացիայի Վայոց Ձորի մարզի մասնաճյուղի նախագահ Կարեն Մարտիրոսյանը նշեց, որ մրցույթը ամենամյա բնույթ է կրելու։
«Ես Վարդանի հետ ծանոթ չէի, բայց ներկա էի թաղմանը։ Նրա շիրիմին  հող լցնելիս ես մտածում էի այն մասին, որ կցանկանայի այս սպայի անվան հուշամրցաշար կազմակերպել։ Քանի որ ես աշխատում եմ սպորտի ոլորտում, միտք ծագեց մրցաշար կազմակերպել երիտասարդ սերնդի համար, որպեսզի նրանք ճանաչեն իրենց պաշտպաններին»,– ասում է նա։

Դպրոցի տնօրեն եւ Վարդանի դասղեկ Անուշ Գրիգորյանը մեզ ուղեկցում է 2-րդ հարկ։ Նա պատմում է, որ այստեղ 2016–ի մարտին սպայի անվան դասարան են բացել։ Նույն օրը դպրոցի բակում եղեւնի են տնկել։ 

Հիշելով Վարդանին՝ դասղեկն ասում է. «Նա յուրահատուկ հումոր ուներ, բառերով չէր արտահայտում։ Եթե նրան մի բան դուր չէր գալիս, նա այնպես էր քմծիծաղ տալիս, որ դասարանի աղջիկներն անգամ հուզվում էին։ Նա ինքը զուսպ էր, համեստ։ Այն ամենը, ինչ կատարվում էր նրա հոգում, կարելի էր կարդալ աչքերի մեջ»։

Տնօրենն ասում է, որ վերջին անգամ Վարդանին տեսել է շրջանավարտների երեկոյի ժամանակ։ Վարդանը համազգեստով էր եկել՝ թախծոտ, կարմրած աչքերով։ «Նա ասաց, որ ամբողջ գիշեր չի քնել։ Դիրքերում է եղել։ Այնտեղից էլ իջել է եւ անմիջապես դպրոց եկել։ Ես նախատեցի նրան, ասացի, որ պետք է տուն մտներ, մի ժամ հանգստանար, հետո ուշացած գար, բայց նա չէր կարողանում ուշանալ, այդպիսի սովորություն չուներ»,– պատմում է Անուշ Գրիգորյանը։

Վարդանի ավագ եղբոր՝ Դավիթի ուղեկցությամբ մենք հյուր ենք գնում սպայի տուն։ Մեքենայի մեջ Դավիթը հիշում է. «Վարդանը շատ էր սիրում մեքենա վարել։ Վերջին անգամ, երբ արձակուրդ էր եկել, մեքենան սարքելու հարց էր առաջացել։ Նա կատակել էր՝ ասելով, թե ես քեզնից փոքր եմ, բայց կոչումով ավագ լինելով, քեզ հանձնարարում եմ մինչեւ հաջորդ գալս սարքել մեքենան»։

Դրանից հետո մինչեւ տուն լուռ ենք գնում։ Իջնելով մեքենայից՝ տեսնում ենք, որ տունը, որտեղ մեծացել էր Վարդանը, հայտնի զորավար Վարդան Մամիկոնյանի անվան փողոցի  վրա է գտնվում։

Դուռը տան տիկինն է բացում՝ Գայանեն։ Բարձրահասակ, նուրբ կազմվածքով կինը մեզ ուղեկցում է ներս։ Առաջինը, ինչ աչքի է ընկնում, երկար մազերով տղայի լուսանկարն է՝ շրջանակի մեջ։

–Սա Վարդանն է,– ասում է կինը։– Մենք նրան լուսանկարել էինք այն օրը, երբ նա կորել էր։ Այդ օրը մենք համերգ էինք գնացել, եւ Վարդանը բազմության մեջ կորել էր։ Այն ժամանակ ես նրան գտա, բայց հիմա ես նրան կորցրի։
Տան մի անկյունում Գայանեն մինչեւ հիմա պահում է մանուկ ժամանակ կտրած նրա մազերի փունջը։

Հյուրասենյակում ընտանիքի անդամները, ի հիշատակ սպայի, անկյուն են պատրաստել։

Սպասքապահարանի ապակու հետեւում հավաքել են սիրած իրերը եւ Վարդանի ձեռքով պատրաստած առարկաները՝ դանակ, փայտե տանկ, մոմակալ, պատվոգրեր, ականջակալներ եւ անգամ վերջին չծխած ծխախոտները։
–Մեզ դրանք փոխանցեցին զորամասից... Այստեղ նրա ժամացույցն է, հեռախոսը եւ սիմ քարտը։

Տեսախցիկի առաջ խոսել ընտանիքի անդամները հրաժարվում են։
«Վարդանի մասին անցյալ ժամանակով խոսել չի ստացվում։ Ես դեռ նայում եմ դռանը, կարծես թե ուր որ է՝ ներս կմտնի»,– արցունքներն է մաքրում սպայի մայրը։

Վարդան Վարդանյանը ծնվել է Եղեգնաձորում։ 2010-ին նա ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ 2014-ին ավարտել է ուսումը եւ մեկնել Ղարաբաղ ծառայության։
2015-ի դեկտեմբերի 11-ին՝ առավոտյան ժամը 8։50-ի սահմաններում, ադրբեջանական կողմի կրակահերթից մահացու հրազենային վիրավորում է ստացել։ Հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայությունների համար» շքանշանով։