Երեւանում դեռեւս չի հանգուցալուծվել հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից պարեկա- պահակային գունդը գրավելուց հետո ստեղծված իրավիճակը: Երրորդ օրն է՝ քաղաքացիները երեկոյան ժամը 18:30-ից հավաքվում են Խորենացի փողոցում՝ պահանջելով իշխանություններից հարցը կարգավորել բանակցությունների միջոցով: Երեկ մոտ 2 ժամ խաղաղության կոչեր հնչեցնելուց հետո իրավիճակը կտրուկ սրվեց, երբ հավաքված ցուցարարները կրակոցի ձայներ լսեցին, իսկ րոպեներ անց էլ «Շտապօգնության» երկու մեքենա լուսարձակները միացրած դուրս եկավ տարածքից: Մեքենաները մի կերպ հեռացան Խորենացի փողոցից, քանի որ ցուցարարները վստահ էին՝ իրավապահ մարմինները գրոհել են «Սասնա ծռեր» խմբի վրա եւ կան վիրավորներ: Ավելի ուշ խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հեռախոսազանգով հանգստացրեց հավաքվածներին՝ հայտնելով, որ իրենք օդ են կրակել՝ ի պաշտպանություն ցուցարարների:
Ժամեր անց միայն պարզ դարձավ, որ այդ ընթացքում քաշքշուկ է տեղի ունեցել սարիթաղցիների եւ ոստիկանների միջեւ: 3 օր ջրից, էլեկտրականությունից եւ գազից զրկված բնակիչների համբերության բաժակը լցվել էր եւ պահանջում էին ոստիկաններից վերականգնել իրենց բնականոն կյանքը եւ բացել իրենց ճանապարհը: Ոստիկանները հրաժարվել էին կատարել պահանջը, որից էլ քաշքշուկ էր սկսվել, ապա բախում էր տեղի ունեցել. քաղաքացիները քարերով հարվածել էին ոստիկաններին: Միջադեպի հետեւանքով հիվանդանոց էր տեղափոխվել 6 ոստիկան եւ 2 բնակիչ: Նրանք առաջին բուժօգնություն են ստացել եւ գնացել տուն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, Սարի թաղի բնակիչներից մեկը ձերբակալված է:
Երեւանի քաղաքապետարանը լուծել է սարիթաղցիների տրանսպորտի խնդիրը:
Սարի թաղի միջադեպից հետո ոչ մի դեպք չի գրանցվել:
Ազգային անվտանգության ծառայությունն այսօր կեսօրին տարածեց հերթական հաղորդագրությունը:
«Իրավապահ մարմինների հատուկ ստորաբաժանումները շարունակում են մնալ մարտական պատրաստվածության վիճակում, սակայն նրանց ակտիվ գործունեության համար առայժմ անհրաժեշտ նախադրյալներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կողմերի միջեւ բանակցությունները շարունակվում են:
Կալանավորվել է «Հիմնադիր խորհրդարանի» համախոհ Խաչատուր Գիչյանը, որին պատկանող բեռնատար մեքենայով «Սասնա ծռեր» խումբը հուլիսի 17-ին մտել է զորամաս: Նախօրեին էլ ձերբակալվել է Կարո Եղնուկյանը: Իրավապահ մարմինները պնդում են՝ նրանք աջակցել են զինված խմբին:
Հայաստանյան իրադարձություններին արձագանքել է պաշտոնական Վաշինգտոնը: Պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, թե իրենք դատապարտում են բռնության միջոցով Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու փորձերը եւ երկրի իշխանություններին կոչ անում զսպվածություն ցուցաբերել՝ իրավիճակին լուծում տալու համար: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կարծում է, որ քաղաքական խնդիրներ լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է, փոփոխությունները պետք է իրականացվեն ժողովրդավարական ճանապարհով:
Ավելի վաղ եղել էր նաեւ պաշտոնական Կրեմլի արձագանքը: Պուտինի մամուլի քարտուղարը որեւէ կապ չէր տեսել Թուրքիայում, Հայաստանում ու Ղազախստանում կատարված իրադարձությունների միջեւ:
«Մի դեպքում խոսքն ուժային մեթոդներով պետական հեղաշրջում անելու փորձի մասին է, մյուս դեպքում՝ զանազան քրեական դրսեւորումների»,- ասել էր Դմիտրի Պեսկովը:
«Վստահ ենք, որ Ձեր խոհեմությամբ ու հորդորներով կմիջամտեք ու կկանխեք անպատասխանատու ու անհեռանկար այս իրավիճակն ու դեպքերի հետագա անցանկալի հետեւանքները՝ հորդորելով Ձեր ընկերներին վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին»,- ասվում է նամակի մեջ:
Կիեւում մեքենայի պայթյունի հետեւանքով երեկ զոհվել է հայտնի լրագրող Պավել Շերեմետը: «Ուկրաինսկայա պրավդայի» լրագրողը պայթել է պարբերականի ղեկավարին պատկանող մեքենայի մեջ: Ի սկզբանե, իրավապահները հայտարարեցին՝ Շերեմետին դիտավորյալ սպանել են: Բելառուսցի լրագրողը հայտնի էր իր սուր քննադատական հոդվածներով՝ կաշառակերությունից մինչեւ ուժայինների չարաշահումներ։ Շատերը կարծում են՝ հենց այդ պատճառով է նա սպանվել: Ներքին գործերի նախարարը չի բացառում նաեւ «ռուսական հետքը»: Կատարվում է քննություն:
Խորթ հորը սպանելու մեջ մեղադրվող գյումրեցի 25-ամյա Մաքսիմ Բաքոյանի պատիժն այսօր Վերաքննիչ դատարանը խոստացրել է՝ սահմանելով 8 տարվա ազատազրկում, մինչդեռ առաջին ատյանը տվել էր ընդամենը 4 տարի: Բաքոյանին եւ նրա պաշտպանին այս վճիռը զարմացրել է, նրանք մտադիր են վճռաբեկ բողոք ներկայացնել: Մեղադրող կողմը գոհ է որոշումից: Եզդի Մաքսիմ Բաքոյանի մորը երեք տարի առաջ Թուրքիայում սպանել էր քուրդ ամուսնու եղբայրը: Մեկ տարի անց արդեն Գյումրիում վեճի ժամանակ Մաքսիմը վրեժխնդիր էր եղել խորթ հորից, երբ իմացել էր, որ հենց նրա հրահանգով է սպանվել մայրը:
Այս գիշեր Վանաձորում հայր ու դուստր են թունավորվել սնկից: Նառա եւ Գառնիկ Ավետյանների ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, երբ կերել են անտառից հավաքած սունկը: Երկուսն էլ հիվանդանոց են տեղափոխվել անգիտակից վիճակում: Ավետյանների վիճակը շարունակում է ծանր մնալ:
«Արեւիկ» ազգային պարկի տարածքում հուլիսի 13-ին բռնկված հրդեհը մարվել է միայն այսօր առավոտյան: 7 օր շարունակ Սյունիքի մարզի փրկարարները, հրշեջներն ու զինծառայողները փորձում էին մարել կրակը, որն ընդգրկում էր ավելի քան 200 հա տարածք: Միայն այսօր առավոտյան են նրանք կարողացել մարել կրակը: Ըստ պատասխանատուների, այսքան երկար ձգձգվեց մարման աշխատանքները, քանի որ հրդեհի օջախը գտնվում է անանցանելի, ժայռոտ հատվածում։
Դոլարը մի քիչ թանկացել է, եվրոն ու ռուբլին՝ էժանացել, իսկ ֆունտը անփոփոխ է մնացել: Եվ այսպես դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 476, ռուբլունը՝ 7.53, եվրոյինը՝ 524, ֆունտինը՝ 628 դրամ:











