Վանաձորում եթե ընդդիմադիր կուսակցությունները չմիավորվեն, ՀՀԿ-ն կարող է ընտել իր քաղաքապետին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ եթե ընդդիմությունը միավորվի, կարող է Վանաձորում քաղաքապետ ընտրել, քանի որ միասին կունենան 18 մանդատ:

Հարցին, թե հնարավո՞ր է ընդունեք «Հայկական վերածնունդ» կուսակցության պայմանը՝ եւ գալիք խորհրդարանական ընտրություններին միասնաբար հանդես գաք, Մարուքյանը բացառեց նման տարբերակը. «Բնականաբար ոչ: Հիմա ռեալ շանս կա. ունենք 18 մանդատ, ասում ենք եկեք ընտրենք քաղաքապետ, հիմա կամ ընտրում ենք կամ ՀՀԿ-ն ընտրում է իր քաղաքապետին, երկրորդ տարբերակը չկա»,- ասաց Մարուքյանը:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կոչ էր արել Վանաձորում «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան»  կուսակցություններին միանալ եւ առաջադրել քաղաքապետի միասնական թեկնածու:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Էդմոն Մարուքյանի առաջարկին, եթե «Լուսավոր Հայաստանը», հաշվի առնելով  «Հայկական վերածնունդ» կուսակցության ազդեցության համապետական  մակարդակը, առաջիկա համապետական ընտրություններում իր հերթին միանա «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, որը հնարավորություն կտա ձեւավորել առավել ուժեղ մրցակցային քաղաքական թիմ ողջ երկրում: