Վաղ երկաթե դարում կառուցված Մոտկան ամրոցն ու տարածքն ամբողջությամբ վերածվել է արոտավայրի: Հետաքրքիր է, երբ օտարներն են մեր հուշարձաններն ապականում, այդ մասին քչից-շատից պատկան մարմինները բարձրաձայնում են, պահանջներ ներկայացնում: Երբ հայն է անում, լռում են, կարծես ոչ լսել են, ոչ տեսել (ֆոտոռեպորտաժ):

Մոտկանը, ըստ տարբեր տեղեկությունների, կառուցվել է Քրիստոսից առաջ 2-րդ հազարամյակի վերջին եւ որպես բնակատեղի օգտագործվել է մինչեւ 15-րդ դարը, որից հետո սկսել է քանդվել եւ այժմ արոտավայր դարձել: Այստեղ տուրիստական խմբեր չեն գալիս, հատուկենտ մարդիկ կան, որոնք կարող է ցանկություն հայտնեն՝ այստեղ հասնելու, հիմնականում, ի դեպ, հնագետներն ու երկրաբանները:

Երբ ուջանցիներից մի քանիսը լսեցին, որ Երեւանից եկած մեր նկարահանող խումբը՝ հնագետ Հենրիկ Դանիելյանի ուղեկցությամբ, պատրաստվում է հասնել ամրոց, նախ զարմացան, ապա հետաքրքրվեցին՝ ինչ ենք այնտեղ կորցրել: Պատասխանը, թե նկարահանման համար ենք բարձրանում, նրանց կարծես չհամոզեց, տարակուսած ցույց տվեցին ճանապարհն ու հեռացան: Գյուղացիները նաեւ խորհուրդ տվեցին չփորձել մեքենայով բարձրանալ: Սկզբում թերահավատ էինք, կարծում էինք՝ մեքենան կբարձրանա, սակայն հենց ստորոտում նկատելով մեծ քարակտորները, որոշումից հետ կանգնեցինք:

Մոտկանը կամ Սմբատաբերդը, ինչպես տեղացիներն են սիրում ասել, գտնվում է Արագածոտնի մարզի Ուջան գյուղից մոտ 500 մ դեպի հյուսիս արեւելք՝ Արագած լեռան հարավային լանջերին: Մոտ երկու ժամ քայլելու ընթացքում Հենրիկ Դանիելյանը ցույց է տալիս ճանապարհի քարերն ու ասում՝ ամրոցի պատերն են, պարզապես ժամանակի ընթացքում քանդվել են եւ տարածվել:

«Այստեղ առաջին անգամ մեր խումբը եկել է ամռանը, ուսումնասիրել ենք տարածքը, ունենք ամրոցի նախնական տեսքը, սակայն վերջնականի համար պեղումներ պետք է կատարվեն, որոնք չեն արվել»,- նշում է հնագետը, ապա հավելում. «Հայտնի էլ չէ, թե երբ այս ամրոցում պեղումներ կարվեն»:

Մոտկան ամրոց-բնակատեղին կառուցված է դեպի հարավ թեքությամբ ձգվող հարթ վերնամասով եռանկյունաձեւ/սեպաձեւ դարավանդակին, ունի թեք եւ դարավանդաձեւ ստորոտներ: Հենրիկ Դանիելյանի նկարագրելով՝ Մոտկանը կենսական նշանակություն ունեցող երկու հեղհեղատների միջնատարածքում է. «Հարավային, արեւելյան եւ արեւմտյան հատվածներում դարավանդները անհասանելի են, բացառությամբ հյուսիս-արեւելյան հատվածի: Դարավանդակի հարթ վերնամասը օղակված է ռելիեֆը կրկնօրինակող եռանկյունաձեւ պարսպաշարով: Հրվանդանի հարավ-արեւմտյան կողմում դեպի ստորոտ ձգվող հատվածներում տեսանելի են մոտ 4 եւ ավել ամրաշինական դարավանդաձեւ կառույցներ, ինչպես ուղղահայաց, այնպես էլ աշտարականման ուղղանկյուն կառուցվածքով, եւ կոտրտվածքներով»:

Շարունակում ենք բարձրանալ, ճանապարհին ընկած քարերը դժվարացնում են մեր ճանապարհը: Պարբերաբար հարցնում եմ՝ իսկ ամրոցն ո՞ւր է: Հենրիկ Դանիելյանը ժպտում է՝ ձեր պատկերացրած ամրոցը չեք տեսնելու, այնտեղ հիմա քարեր են մնացել: Ավելի ուշ համոզվում ենք:

«Դեպի միջնաբերդի մուտք տանող ճանապարհն է, անառիկ պահելու նպատակով դարավանդաձեւ կառույցների մուտքերի անցումները կառուցվել են համեմատաբար նեղ՝ միջինը մոտ 90սմ»,- ասում է հնագետը:

Դեպի միջնաբերդ ընթացող ժայռափոր ճանապարհը ներկայանում է ժայռի մեջ փորված մոտ 150-160մ երկարությամբ ճանապարհով, որի  լայնությունը 4 մ է, իսկ խորությունը՝ 3 մ: Զարմանում ես՝ ինչպես են կարողացել փորել ժայռն ու ճանապարհ բացել: Զարմանքս րոպեներ անց վերածվում է զայրույթի, երբ այդ ճանապարհով ինձ ընդառաջ են գալիս կովերը: Քրիստոսից առաջ կառուցված այս ամրոցը միթե այս ճակատագրին պետք է արժանանար, մտածում եմ ու հետ քաշվում՝ ճանապարհս զիջելով կենդանիներին: Առաջ ենք գնում, մտնում այսպես կոչված միջնաբերդը, որն ավելի շուտ քարերի կույտ է հիշեցնում:

«Այստեղ տեսանելի են ճարտարապետական կառույցների հետքեր եւ փոսիկավոր քարեր»,- ասում է Հենրիկ Դանիելյանը:

Հետքերը կան, սակայն դրանց մասին տեղեկատվությունն այնքան քիչ է, իսկ կա՞ արդյոք ցանկություն՝ պարզելու այս ամրոցի ողջ գաղտնիքը: Տպավորություն է, որ ձեռնտու է ավելի շուտ այն որպես արոտավայր ծառայեցնելը, քան տուրիստական կենտրոն դարձնելը: Հնագետներն էլ են համոզված՝ համապատասխան պեղումների շնորհիվ դեռ այնքան բան կպարզվի: