Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման առաջիկա 4 տարիների ռազմավարական ծրագրի առաջնային ուղղությունը երկրի բրենդինգն է կամ առաջխաղացումը ոլորտում: Այս մասին լրագրողների հետ ասուլիսի ընթացքում ասաց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:
Նրա խոսքով ԻՏՁՄ-ի կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ռազմավարության համար մշակված ուղղությունները ներառում են նաեւ ձեռներեցության խթանումը եւ կրթական համակարգի արդիականացումը ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու համար:
«Խոսքն ամենեւին ՏՏ կորպորացիաների եւ ընկերությունների թվի մասին չէ, այլ իրականացվող կրթական ծրագերի, որոնց միջոցով շուկային համապատասխան որակավորումներով մասնագետներ են պատրաստվում»,- ասաց Հայկ Չոբանյանը:
ԻՏՁՄ-ի փոխտնօրենի կարծիքով Հայաստանը պետք է ունենա ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված հավակնոտ ռազմավարություն, որը ներդրված կլինի ցանկացած Կառավարության ծրագրի մեջ:
«Բարեբախտաբար ներկայիս ծրագիրը անցումային է եւ նախատեսված է առաջիկա մի քանի ամիսների համար: Մենք հենց այս պահից լծվում ենք նոր՝ առնվազն 4 տարվա ՏՏ ռազմավարության մշակման գործընթացին, որը մի քանի ամսից կներկայացնենք քննարկման»,-ասաց Հայկ Չոբանյանը:




























