ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի բնակիչ ինժեներ Իվան Վերյասովը ինքնագնաց տանկի տեսքով տնակ է պատրաստել կատվի համար: Զրահափոխադրիչը վստահ հաղթահարում է արգելքները, իսկ աշտարակը հագեցած է ուղղահայաց նշանառման մեխանիզմով, հայտնում է «Ռոսբալտը»:
Գյուտարարի խոսքով՝ չորսոտանի կենդանու համար հարմարավետ տնակ պատրաստելու գաղափարը ծնվել էր այն բանից հետո, երբ ինքն այցելել էր կենդանիների խանութ: Այնտեղ տնակները նրան ձանձրալի եւ անորակ էին թվացել:
Կանաչ գորգակտորից եւ նրբատախտակից պատրաստված տանկի կորպուսը ինժեները տեղադրել է ինքնագնաց թրթուռների վրա: Տանկով շրջելիս կատուն կարող է սրել եղունգները կորպուսին փաթաթված պարանի վրա:











