Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո պետք չէ անհանգստանալ Արցախի հարցով ԱՄՆ պետքարտուղարության քաղաքականության փոփոխության հարցով: Այս մասին նոյեմբերի 10-ին կայացած ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարությունը կայուն կառույց է՝ կայուն ինստիտուցիոնալ հիշողությամբ: Այդ պատճառով խնդիր չէ, եթե անգամ Թրամփը, որպես թեկնածու, սպառիչ չի խոսել այդ հարցի շուրջ:

«Հազիվ թե պետք է նախագահի թեկնածուից առանց բացառության բոլոր հարցերի շուրջ նման տեղեկություններ պահանջենք: Տեսնենք, թե ինչ քաղաքականություն նա կվարի, երբ ստանձնի պաշտոնը: Անհանգստանալ պետք չէ, բայց հարկավոր է միշտ աշխատել»,- ասել է Քոչարյանը: