Երեւանի Հերացի փողոցում այսօր՝ նոյեմբերի 12-ի առավոտյան ժամը 10-ի սահմաններում CPS բենզալցակայանում հրդեհը բռնկվել է ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության աշխատակիցները նշեցին, որ «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն այն կայանել է լիցքավորման համար եւ դեռեւս անհայտ պատճառներով, պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետեւանքով հրդեհը տարածվել է բենզալցակայանի տարածքում:

Փրկարարները ժամանակին հասցրել են հանգցնել հրդեհը, որի շնորհիվ այն չի տարածվել մոտակա բնակելի շենքերում եւ խանութներում:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին փողոցի երեւեւեկությունը փակ է, տեղում աշխատանքներ են իրականացնում փրկարարները, ոստիկանները եւ քրեագետները:

Հրդեհից տուժել է միայն «ԶԻԼ»-ի վարորդը՝ 56-ամյա Թ. Հ.-ն: Նա տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 կլինիկական հիվանդանոց, որտեղից մեզ հայտնեցին, որ վարորդն ստացել է այրվածքներ, բայց նրա վիճակը ծանր չի եւ արդեն տեղափոխվել ճառագայթային կենտրոն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ նոյեմբերի 12-ին, ժամը 10.08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Հերացու փողոցում գտնվող CPS բենզալցակայանում: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման, օպերատիվ խմբերը եւ չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.24-ին, մարվել՝ 10.30-ին: