Հայաստանի Հանրապետական կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում դարձյալ առաջին տեղին է հավակնում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի հանրապետական նախագահ Արտակ Դավթյանը:
Այն դիտարկմանը, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքական դաշտ չի՞ խանգարի, որ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում հավաքի համապատասխան քանակով ձայներ, Արտակ Դավթյանը պատասխանեց. «Եթե հարցնեք՝ արդյոք Հանրապետական կուսակցությունը դարձյալ հավակնում է առաջին տեղին կամ ձայների մեծամասնությանը, ապա այո»: Նա նաեւ նշեց, որ անթերի ընտրություններ է ակնկալում, ինչի մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է ՀՀԿ-ի 16-րդ համագումարում:











