Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մոմավառություն է կազմակերպվել՝ ի հիշատակ Սեւ ծովն ընկած` ՌԴ ՊՆ-ի Տու-154 ինքնաթիռի զոհերի։
Մի խումբ երիտասարդներ եւ քաղաքացիներ մոմեր են վառել եւ ծաղիկներ դրել դեսպանատան դիմաց՝ ի հիշատակ ավիավթարի զոհերի հիշատակը: Ակցիայի կազմակերպիչները նաեւ ցավակցական երկտող են գրել դեսպանատան ցավակցությունների գրքում:
Ակցիայի մասնակիցներից Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մասնակիցները կիսում են զոհվածների հարազատների ցավը՝ որպես մարդկային ցավ:
«Երիտասարդները ուզում են ցույց տալ, որ մարդկային ցավը ազգություն չի ճանաչում»,- ասաց նա:
Նշենք, որ մոմավառությունն իրականացվել է ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ի առավոտյան ՌԴ ՊՆ-ի Տու-154 ինքնաթիռը, որն ուղեւորվում էր Սիրիա, կործանվել է Սեւ ծովում: Գերատեսչության տվյալներով՝ ինքնաթիռում 92 մարդ կար՝ անձնակազմի 8 անդամ եւ 84 ուղեւոր, որոնց թվում 8 զինծառայողներ, Ալեքսանդրովի անվան համույթի 64 երաժիշտներ, ռուսական հեռուստաալիքների 9 ներկայացուցիչներ, «Արդարացի օգնություն» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան՝ հայտնի որպես բժիշկ Լիզա, երկու դաշնային ծառայող: Ինքնաթիռի կործանման փաստով քրեական գործ է հարուցվել:











