Չինաստանի Ցզյանսու նահանգում Յանցզիի գետաբերանում ամբողջովին աղբից բաղկացած ցամաքի նոր հատված է հայտնվել: Մեղավորը թափոններ տեղափոխող նավերն են: Յանցզիի էկոլոգիական աղետի մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները, փոխանցում է Nat-geo-ն:
Նանտուն քաղաքի շրջանում աղբի կուտակներն այնքան խիտ են, որ ջուրը չի երեւում:
«Աղբի կղզին» կազմված է պլաստիկե շշերից եւ փաթեթներից, հին կոշիկից, ներարկիչների ասեղներից, կենցաղային եւ այլ թափոններից: Մասնագետներն սկսել են տարածքի մաքրումը, որի համար առնվազն 2 շաբաթ կպահանջվի: Քննությամբ պարզվել է խնդրի աղբյուրը: Պարզվել է, որ աղբը նավերը գետաբերանում են լցրել առնվազն երկու անգամ, մինչդեռ պետք է տեղափոխեին թափոնների վերամշակման գործարան:
Դեկտեմբերի 8-ին ջուրն է լցվել մոտ 900 տոննա աղբ, իսկ դեկտեմբերի 17-ին՝ եւս մոտ 2000 տոննա: Այսպիսով, ընդհանուր ծավալը հասել է մոտ 3000 տոննայի: Աղբաթափումը զգալի ժամանակ է պահանջել. մասնավորապես՝ դեկտեմբերի 17-ին երկու նավ աղբաթափումն սկսել են երեկոյան մոտ ժամը 21.00-ին եւ «գործողությունն» ավարտել են հաջորդ օրը ժամը 4.00-ին:
Էկոլոգիական հանցագործության մեջ կասկածվողները ձերբակալված են: Գործով 11 մարդ է անցնում, որոնցից մեկը՝ կռունկավարը երկու դեպքում էլ մեղավոր է համարվում:











