Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում ավանդույթ կա. ամեն տարի մեծ շուքով են պատրաստվում ամանորին: Այս տարի էլ գյուղը ծայրից ծայր ողողված է տոնական լույսերով։

«Բացի տոնական լուսավորությունից մենք այս տարի 2 մեծ տոնածառ ենք տեղադրե, ամեն մեկ՝  6-7 մետր բարձրությամբ, նման տոնածառ ամբողջ հանրապետությունում չկա»,- հպարտությամբ ասում է Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը։

Գյուղապետի խոսքով՝ այս տարի նախորդ տարվա համեմատ բյուջեն ավելի փոքր է՝ շուրջ 500 000 դրամ,  բայց շքեղությունը դրանից չի տուժել։

«Ով գյուղ է մտնում, զարմանում է, որ գյուղական համայնք լինելով` այսքան գեղեցիկ և տոնական ենք դարձրել գյուղը: 5000 բնակչություն ունեցող Լճաշենում բազում խնդիրներ կան, որոնք հերթով լուծում ենք։ Ամեն տարի գյուղը շքեղ զարդարելով փորձում ենք գյուղացիներին մի փոքր կտրել հագսերից և ուրախացնել»,– ասում է նա։

Գալիք տարվա համար գյուղապետի գլխավոր մաղթանքն է համագյուղացիներին, որ յուրաքանչյուր ընտանիքում գոնե երկու աշխատող լինի։