«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը կարծում է, որ գործով դատապրոցեսի սկսումն արհեստականորեն հետաձգվում է: Այսօր` հունվարի 13-ին, լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իր պաշտպանյալն արդեն մեկ տարուց ավելի է անազատության մեջ է եւ ցանկություն ունի, որպեսզի օբյեկտիվ ձեւով դատապրոցես իրականացվի:

« Հերթական անգամ դատական նիստը դեռ չսկսված ավարտվեց, սա եւս մեկ անգամ ապացուցեց, որ դատական պրոցեսներն արհեստական ձեւով հետաձգվում են: Իմ պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց կալանքը մոտավորապես մեկ տարուց ավելի է կիրառվել է եւ նա այսքան ժամանակ անազատության մեջ է եւ բնականաբար, ցանկություն ունի, որպեսզի օբյեկտիվ ձեւով դատապրոցես տեղի ունենա եւ դատապրոցեսն իրականացվի»,-ասաց նա:

Լեւոն Բաղդասարյանը նշեց, որ Արթուր Վարդանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները եւ համարում է, որ դրանք շիծու են. « Իմ պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, նա թույլ չի տվել այնպիսի արարք, որն իրեն մեղսագրված է: Ավելին` քրեական գործի շրջանակում քրեական գործից մի մաս անջատվեց եւ դրա հետ մեկտեղ էլ անընդհատ հետաձգում են դատապրոցեսի սկսումը»:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ անակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն:

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին:

Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը),  235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն): Նշենք, որ դատարան է ուղարկվել այն անձանց գործը, որոնց մեղադրանքն օրերս խստացվել էր: