Հայ եկեղեցին այսօր` հունվարի 14-ին, նշում է Սբ. Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը, որի առթիվ Երեւանում պատարագը մատուցվեց Կոնդի Ս. Հովհաննես Մկրտչի անվան եկեղեցում: Պատարագի ընթացքում օրհնվում են նաեւ Հովհաննես, Կարապետ եւ Մկրտիչ անունը կրողները:

«Տոնը մեծ նշանակություն ունի մեզ համար, չէ որ առաջինը հենց Սբ. Հովհաննես Մկրտիչն ավետեց Հիսուսի գալուստը: Նա ասաց, որ գալու է մեկը, որի կոշիկի կապերը անգամ արժանի չեմ լինելու կապեմ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյան:

Նշենք, որ   Հովհաննեսի հորը` Զաքարիա քահանային Տիրոջ տաճարում խնկարկության ժամանակ հայտնվում է Տիրոջ հրեշտակը եւ ավետում նրա որդու ծննդյան մասին: Սակայն ծեր Զաքարիան թերահավատությամբ է ընդունում բարի լուրը եւ կասկածամտության համար, որպես պատիժ, մինչեւ իր որդու ծնունդը դառնում է համր:

Հովհաննես Մկրտիչը, որը պիտի մկրտեր համայն մարդկության Փրկչին, ճանաչել եւ Հիսուսի աշխարհ գալստյան մասին ավետել է դեռեւս Նրա ծննդից առաջ: Ավետարանիչը վկայում է, որ երբ Աստվածամայր Մարիամն այցելում է Եղիսաբեթին` Սբ. Մկրտչի մորն, վերջինս, լցվելով Սուրբ Հոգով, բացականչում է. «Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մոտ գա, որովհետեւ ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում»: Եղիսաբեթի խոսքի շարունակությունն այս տոնի պատգամն է համայն քրիստոնյաներին. «Եվ երանի~ նրան, որ կհավատա, թե Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն»: