Մենք հույս ունենք ազատ տնտեսական գոտու ստեղծման շնորհիվ Իրանի եւ Եվրասիական միության երկրների միջեւ տարանցման կամուրջ լինել: Այս մասին հունվարի 27-ին Երեւանում անցկացվող իրանա-հայկական բիզնես հանդիպման շրջանակներում հայտնեց Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:

«Երկու երկրներն էլ միմյանց համար անհրաժեշտ ահռելի պաշարներ ունեն: Իրանի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը 2015-ի տվյալներով 263 մլն դոլար է կազմել: Համագործակցությունը եւ ազատ տնտեսական գոտու ստեղծումը իրանցի ձեռնարկատերերին թույլ կտա եվրասիական շուկա դուրս գալ, իսկ ԵՏՄ երկրներին՝ Իրանի շուկա մտնելու ճանապարհին կանաչ լույս կվառի»,- ասաց նա:

Նա նշեց ձեռնարկատերերի միջեւ գործարքների կնքման դեպքերում անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: Պոտենցիալ տարաձայնությունների լուծմամբ կզբաղվի Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի ստեղծած Արբիտրաժային դատարանը: Իրենց ներդրումը կունենան նաեւ ապահովագրական ընկերությունները:

Ինչ վերաբերում է արտադրանքին, ապա ենթադրվում է Հայաստանից Իրան մսի, շոկոլադի, գյուղատնտեսական հումքի արտահանում: Դատելով ամեն ինչից՝ ազատ տնտեսական գոտու ստեղծումը սարերի ետեւում չէ, հատկապես հաշվի առնելով գործընթացն արագացնելու մասին վարչապետի վերջին հրամանագիրը: Այժմ բանակցություններ են վարվում ոչ միայն Մեղրիում ազատ գոտու ստեղծմանն ուղղված ներդրումների շուրջ, այլեւ քննարկվում են համատեղ ձեռնարկություններ հիմնելու հեռանկարները:

Ի պատասխան NEWS.am-ի հարցին՝ իսկ արդյոք նախագիծը չի՞ հակասում ԵՏՄ-ում ընդունած պարտավորություններին, Մարտին Սարգսյանը նշեց, որ բոլոր հարցերն արդեն քննարկվել են եւ մտել պայմանագրի դրույթների մեջ: Ինչ վերաբերում է էներգետիկ փոխգործակցության կնքման հավանականությանը, պալատի նախագահը նման հնարավորությունը չբացառեց:

«Իրանական կողմը այս տեսակետից շատ բաց է: Եթե դիտարկելու լինենք ընդհանուր պատկերը, Հայաստան է ներկրվում գազ, նավթ եւ այլ նավթամթերքներ, իսկ մենք էժան էլեկտրաէներգիա ենք մատակարարում: Արդեն հայտարարվել է էներգետիկայի ոլորտում համատեղ ծրագրերի մեկնարկի մասին»,- պարզաբանեց նա:

Հունվարի 27-ին Երեւանում անցկացվում է հայ-իրանական բիզնես համաժողով՝ նվիրված Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ստեղծման հեռանկարներին եւ փոխշահավետ պայմաններով համագործակցության հարցերին: