6 երթուղով կանոնավոր ուղեւորափոխադրում կկազմակերպվի դեպի Ռուսաստան: Այս մասին նշել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը:

Այս առնչությամբ, նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Տուլայի տարածաշրջանում 2015 թ. աշնանը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի փաստը վերահաստատեց, որ միջազգային ուղեւորափոխադրումների ոլորտի կանոնակարգումը մեր երկրում հրատապ վերանայման կարիք ունի: Դեռ 2006թ. ընդունված եւ մինչեւ վերջերս որեւէ լուրջ փոփոխության չենթարկված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում անհրաժեշտ էին փոփոխություններ եւ լրացումներ:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից առաջարկվեց օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որն ընդունվեց 2016-ի դեկտեմբերին:

Նախկինում գործող օրենքի համաձայն՝ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրողներից պահանջվում էր ուղեւորների անվանացուցակ եւ վճարման անդորրագիր, որոնք ներկայացվում էին Հայաստանի սահմանից դուրս գալիս: Այդ պահանջները չբավարարելու դեպքում սահմանված էր տույժ` 20.000 դրամի չափով:

Նախարարի տեղակալ Արամ Արսենյանը նշեց, որ փոխադրողների մեծամասնությունն այս պայմաններում ոչ կանոնավորի անվան տակ փաստացի իրականացնում է կանոնավոր փոխադրումներ:

«Այս օրենքով խստացրել ենք այդ պահանջը` վարչական պատասխանատվությունը հասցնելով մինչեւ 300.000 դրամի: Բացի այդ, որպեսզի անվանացուցակը ձեւական բնույթ չկրի, այն պարտադիր պետք է ներկայացվի ինչպես Հայաստանից դուրս գալիս, այնպես էլ հանրապետություն մուտք գործելիս։ Պետք է լինի նույն անվանացուցակը` առավելագույնը 10 տոկոս տարբերությամբ»,- ասաց նախարարի տեղակալը:

Ոչ կանոնավոր ուղեւորափոխադրողների համար սահմանվել է նաեւ 150.000 դրամի չափով պարտադիր տուրք:

Դրանից բացի, խստացվել են տոմսերի իրացման կանոնները: Միջազգային փոխադրումների ուղետոմսերը կվաճառվեն կա՛մ ավտոկայաններում, կա՛մ այն կազմակերպությունների կողմից, որոնք պայմանագիր ունեն «Հայավտոկայարան» ՓԲ ընկերության հետ:

Այն երկրներից, որոնց հետ Հայաստանը տրանսպորտային ոլորտը կարգավորող համաձայնագրեր չունի, դեպի Հայաստան ուղեւորներ փոխադրողի վերջին կանգառը պետք է լինի Հայաստանում գործող որեւէ ավտոկայան:

«Այդ ավտոկայանում տվյալ տրանսպորտային միջոցն անպայման կենթարկվի տեխնիկական, իսկ վարորդները՝ բժշկական զննության»,-պարզաբանեց Արսենյանը։

Նախատեսվում է ներդնել 6 կանոնավոր երթուղի` դեպի Ռուսաստանի տարբեր քաղաքներ: Կշահագործվեն ինչպես խոշոր, այնպես էլ միջին տեղատարողությամբ ավտոբուսներ: Նախարարությունն արդեն հայտարարել է փոխադրողների մրցույթ։ Դավիթ Մելքոնյանը տեղեկացրեց, որ հայտատուների թիվը բավական մեծ է: Օրենքի փոփոխությունները կանոնավոր-ոչ կանոնավոր վերադասավորումները դարձրել են անխուսափելի: