ԵՄ-ից եզրափակիչ տրանշը (ավելի քան 1 մլն եվրո) Հայաստանի կառավարությանը հասանելի կլինի միայն խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո։ NEWS.am -ին տված հարցազրույցում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է Բրյուսելի ու Երեւանի միջեւ մշակվող նոր շրջանակային համաձայնագրի դրական կողմերը, վերահաստատել ԵՄ դիրքորոշումը ղարաբաղյան հարցում ու պատմել երկրում կայանալիք ընտրություններից ակնկալիքների մասին:

2016-ի արդյունքներով ԵՄ ու Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցության ոլորտում որեւէ առաջընթաց տեսնո՞ւմ եք

Մենք դեռ չունենք 2016-ի լիարժեք տվյալները։ Ունենք միայն տարվա առաջին կեսի ցուցանիշները, իսկ դրանք վկայում են եվրոպական շուկա հայկական արտադրանքի արտահանման զգալի աճի մասին։ ԵՄ-ն մնում է Հայաստանի համար ամենամեծ արտահանման շուկան, թիվ մեկ առեւտրային գործընկերը, թիվ մեկ օտարերկյա ներդրողն ու թիվ մեկ օտարերկրյա դոնորը։

Հայաստանն օգտվում է GSP+ սխեմայից. դա արտոնյալ մուտք է եվրոպական շուկա, հազարավոր հայկական ապրանքներ կարող են ազատ դուրս գալ ԵՄ շուկա։ GSP+ սխեման հիմնված է այն պայմանականությունների վրա, որոնք կապված են ստանդարտների սահմանման վերաբերյալ 27 միջազգային համաձայնագրերին, պայմանագրերին ու փաստաթղթերին Հայաստանի մասնակցության հետ։ Հետեւաբար, այդ արտոնյալ ռեժիմը պայմանավորված է Հայաստանի կողմից մարդու իրավունքներին ու աշխատանքային նորմերին վերաբերող վերոնշյալ կարեւոր միջազգային համաձայնագրերի իրականացմամբ։

Կարելի՞ է  ակնկալել, որ Երեւանի ու Բրյուսելի միջեւ նոր շրջանակային համաձայնագիրը կստորագրվի 2017-ին։ Տնտեսական տեսաանկյունից ի՞նչ կփոխի նոր համաձայնագիրը երկկողմ հարաբերություններում։

Նոր շրջանակային համաձայնագրի ստորագրման շուրջ Հայաստանի ու ԵՄ–ի միջեւ բանակցությունները մտել են եզրափակիչ փուլ։ Կայացել են շատ ինտենսիվ բանակցություններ։ Եվ ես հավատում եմ, որ երկու կողմերն էլ ակնհայտ վճռականություն ունեն հնարավորինս շուտ ավարտել բանակցությունները։ Մենք դեռ չենք կարող խոսել որոշակի ժամկետների մասին։ Գիտենք, որ բանակցությունների սկզբից մինչեւ հիմա գրանցվել է կարեւոր առաջընթաց։ Միայն մի քանի բաց հարցեր են մնացել, որոնք պետք է լուծվեն։ Որքան դա կտեւի՝ այլ հարց է, բայց վճռականության ու քաղաքական կամքի դեպքում այդ համաձայնագիրը կարող է կնքվել բավականին կարճ ժամկետներում։

Համաձայնագրի կարեւորությունն ակնհայտ է, այն ամուր իրավական բազա կստեղծի Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների համար։ Այն անկասկած, կլինի ամենաառաջադեմ երկկողմանի համաձայնագիրը ԵՄ-ի ու ԵՏՄ ցանկացած անդամ երկրի միջեւ։ Քաղաքական մասում կպահպանի 2013-ին ընդհատված Ասոցացման համաձայնագրի էությունը։ Ինչպես գիտեք, քաղաքական մասը ամրագրելու է երկու կողմերի մեծ կամքը խորացնելու երկխոսությունն ու համագործակցությունը արտաքին քաղաքականության, անվտանգության ու պաշտպանության հարցերում։ Եվ ամենակարեւորը՝ ընդհանուր արժեքները, որոնք հարաբերությունների հիմքն են, կամրապնդվեն։

Տնտեսական ու առեւտրային մասը ակնհայտ պատճառներով այդքան հավակնոտ չի լինի, որքան ազատ առեւտրի խորը ու համապարփակ գոտի ստեղծելու մասին պայմանագիրը։ Համաձայնագրի՝ առեւտրին վերաբերող մասը շատ համեստ է լինելու։ Այդուհանդերձ, հիմքում լինելու է Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ գործող ռեժիմը։

Առեւտրին ու արտահանմանը վերաբերող մի քանի այլ հարց նույնպես հիմա չեն կարող այնքան հավակնոտ լինել, որքան կցանկանային Հայաստանը կամ ԵՄ-ն։ Բայց կարծում եմ, որ շրջանակային համաձայնագրում կլինեն տարրեր, որոնք նոր որակ կհաղորդեն առեւտրա–տնտեսական մասին։ Կարծում եմ, օտարերկրյա ներդրողներին այս համաձայնագիրը կխրախուսի Հայաստանում ներդրումներ կատարել։  Քանի որ նույնիսկ այս շրջանակային համաձայնագիրը  Հայաստանը ԵՄ-ի միջեւ լավ հարաբերությունների քաղաքական երաշխիքներ է պարունակում։ Ինչը իր հերթին կնպաստի, որ օտարերկրյա ներդրողները կսկսեն դիտարկել Հայաստանում բիզնես հիմնելու հնարավորությունները։

Նոր տարվա նախօրեին ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի հետ սահմանին հերթական դիվերսիոն ներթափանցման լուրջ փորձ ձեռնարկեցին։ Համաձա՞յն եք, որ նման ագրեսիվ քայլերը պետք է խստագույնս դատապարտվեն։ Անհրաժեշտ չե՞ք համարում պատժամիջոցների կիրառումը նման ապակառուցողականգործողությունների յուրաքանչյուր դեպքում։

ԵՄ դիրքորոշումը շատ հստակ է՝ մենք դատապարտում ենք բռնությունը, կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսեւորել ու խուսափել ռազմական գործողությունների ցանկացած էսկալացիայից։ Մենք դատապարտում ենք փոխհրաձգության հետեւանքով երիտասարդների մահը։ Նրանք Հայաստանի կամ Ադրբեջանի ապագան են։ Հետեւաբար մեր դիրքորոշումը հստակ է, հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Ռազմական գործողությունները պետք է կանխվեն։ Վստահության հաստատման ու շփման գծի վրա միջադեպերի հետաքննման մեխանիզմները պետք է իրականացվեն՝ Վիեննայում անցած տարվա մայիսին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։  Իսկ հակամարտության համընդգրկուն կարգավորման շուրջ բանակցությունները պետք է սկսել ու հաջող ավարտին հասցնել։ ԵՄ-ն անմիջականորեն ներգրավված չէ հակամարտության կարգավորմանը, դա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործառույթն է, բայց մենք աջակցում ենք ՄԽ ջանքերին։ Մենք ունենք հատուկ ներկայացուցիչ, որը շատ հաճախ է այցելում տարածաշրջան, հանդիպում երկու կողմերի առաջնորդների հետ։ ԵՄ-ն մեծապես շահագրգռված է հակամարտության կարգավորման հարցում։ Եվ մենք հույս ունենք մոտ ժամանակներս զգալի առաջընթաց տեսնել։ Դատելով Հայաստանում իմ շփումներից, ես հավատում եմ, որ հայ հասարակությունը պատրաստ է խաղաղության, պատրաստ է աջակցելու խաղաղության հաստատմանը։ Հայաստանը շահագրգռված չէ բացասական գործընթացներում՝ եւս մեկ պատերազմ, եւս մեկ հակամարտություն, եւս մեկ կյանքի կորուստ։ Դա ես կարող եմ վստահաբար ասել։

Եվրամիությունը ողջունել է Հայաստանի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ Ընտրական օրենսգրքի շուրջ ձեռք բերված կոնսենսուսը։ ԵՄ–ն նաեւ էական ֆինանսական աջակցություն է ցուցաբերել խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը։ Դուք իրական երաշխիքներ տեսնու՞մ եք Հայաստանում ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար։

Ընտրական օրենսգրքի շուրջ 2016-ի սեպտեմբերին ստորագրված համաձայնագրի կատարումը շատ կարեւոր է։ Եվ ես հաճույքով պետք է ասեմ, որ բոլոր շահագրգիռ կողմերը առավելագույն ջանքեր են գործադրում ընտրությունների հետ կապված տեխնիկական առաջադրանքների իրականացումն ապահովելու համար։ Ես կարող եմ հաստատել, որ Կառավարության, ընդդիմադիր կուսակցությունների եւ այլ կառույցների, օրինակ, ԿԸՀ–ի հետ մեր շփումներից դատելով՝ արվում է ամեն բան, որպեսզի համաձայնագիրը հաջողություն ունենա։  Մենք շատ ենք գնահատում ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP) դերը, որը պատասխանատու է համաձայնագրի կետերից մեկի համար։ Խոսքը ընտրողների նույնականացման սարքավորումներ տեղադրելու մասին է։  Մենք մյուս դոնորների՝ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ–ի հետ միասին շատ շնորհակալ ենք ՄԱԿ ԶԾ–ին եւ Կառավարությանը առաջընթացի համար։

Համաձայնագրի մյուս տեխնիկական մասը՝ տեսախցիկների տեղադրումը, չի կարող իրականացվել հավակնությունների այն մակարդակով, որով նախատեսված էր հենց սկզբում։ Բայց դատելով անցյալ շաբաթ Կառավարության եւ ընդդիմադիր կուսակցություններ հետ շփումներից՝ մենք լավատեսորեն ենք տրամադրված։  Կա տեսախցիկներն առավելագույն հնարավոր քանակով տեղադրելուն ուղղված քայլեր ձեռնարկելու քաղաքական կամք։

Առաջադրանքը շատ բարդ է, քանի որ ժամանակը քիչ է։ Ես որեւէ այլ երկիր չեմ հիշում, որտեղ այսքան հավակնոտ տեխնոլոգիական առաջադրանքն իրականացվեր այդքան կարճ ժամկետում։ Բայց ես լավատեսորեն եմ տրամադրված, քանի որ իմ ասածը վկայում է, որ բոլոր շահագրգիռ անձանց կողմից առկա է, անկասկած, շատ լուրջ տրամադրվածություն եւ ճիշտ քաղաքական կամք։

Իհարկե, համաձայնությունը չի անդրադառնում ընտրական գործընթացի բոլոր ասպեկտներին։ Կան ոլորտներ, որոնց շուրջ Կառավարությունն ու ընդդիմությունը չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ, օրինակ, ռեյտինգային ցուցակների դրույթը։ Մյուս կողմից՝ ԵՄ–ն շահագրգռված է, որ մյուս ասպեկտները համաձայնեցվեն միջազգային ստանդարտներին՝ հաշվի առնելով ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի առաջարկները, որպեսզի Հայաստանը, ինչպես հայտարարել է երկրի ղեկավարությունը, անցկացնի տարածաշրջանում կամ անգամ հետխորհրդային տարածքում ամենալավ ընտրությունները։ Կարծում եմ, որ դա հնարավոր է, դա Հայաստանի պատմության մեջ նոր էջ կբացի։ Դա իրականում Հայաստանին կօգնի ավելի լավ եւ արագ զարգանալ։

ԵՄ ներգրավվածության մակարդակն աննախադեպ է։ Ինչպես գիտեք, ԵՄ–ն մինչեւ 7 մլն եվրո է հատկացնելու, ինչը արտաքին ֆինանսավորման գրեթե 90 տոկոսն է։ Մենք ոչ մի ուրիշ երկրում չենք արել նման բան։ Ինչու՞ ենք հիմա անում. որովհետեւ հավատում ենք, որ Հայաստանը մեր աջակցության կարիքն ունի, հավատում ենք, որ այդ աջակցությունը կարող է ծառայել լավ նպատակների եւ տալ հստակ արդյունքների։ Մենք արդեն մինչեւ 4 մլն եվրո ենք վճարել սարքավորումներ գնելու համար։ 2 մլն եվրո կփոխանցվի մոտ օրերս։ Ավելի քան 1 մլն եվրո էլ Հայաստանի  կառավարությանը կտրվի միայն ընտրություններից հետո։ Եվ մենք դա գաղտնի չենք պահում։ Վերջին տրանշի հատկացումը կախված կլինի նրանից, թե ինչպես կիրականացվեն ԸՕ–ի շուրջ համաձայնագրի դրույթները։ Հետեւաբար մենք ուշադիր հետեւում ենք իրադարձություններին։ Մեր տեսակետից ամենակարեւոր հարցերը, որոնք պետք է քննարկել, արդար քարոզարշավի հարցերն են` վարչական ռեսուրսի կիրառումը կանխելուն, ընտրակաշառքի բաժանումը բացառելուն եւ լրատվամիջոցներում լուսաբանման հավասար հնարավորություններին։

Ես մի քանի հանդիպում եմ ունեցել Հայաստանի բարձրաստիճան անձանց, այդ թվում՝ գլխավոր դատախազի հետ եւ կարող եմ ասել, որ իշխանություններն ուզում են անել հնարավոր ամեն բան ընտրարշավի համար լավագույն պայմաններ ապահովելու համար։

Սա շատ կարեւոր փուլ է Հայաստանի համար։ Մարտահրավերները լուրջ են, բայց ես լավատեսորեն եմ տրամադրված։ Հայաստանը ելք կգտնի, քանի որ անգամ ամենամեծ խնդիրների դեպքում միշտ ելք կա։