Շախմատիստների համաշխարհային դասակարգման երկրորդ համար, նորվեգացի 19-ամյա գրոսմայստեր Մագնուս Կարլսենը նամակ է հղել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին եւ միջազգային ֆեդերացիայի աշխարհի առաջնության անցկացման կոմիտեին: Նամակը հրապարկվել է նաեւ Chess-Vibes կայքում:
Կարլսենը նամակով հայտնել է իր որոշման մասին` հրաժարվել 2011թ. մարտ-մայիս ամիսներին կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին մասնակցելուց:
«Կարծում եմ, որ 2008-2012թթ. ընթացիկ չեմիոնական շրջափուլը, չլինելով ժամանակակից ու արդար համակարգ, չի ապահովում նախապատրաստման երկար գործընթացի մոտիվացիա: Շրջափուլի հնգամյա ժամկետը, ընթացքում արված փոփոխությունները, որոնց արդյունքում ի հայտ եկավ հավակնորդական ձեւաչափը` այս ամենի միջով Կասպարովից հետո ոչ մի չեմպիոն չի անցել: Շախմատիստների դասակարգման անհասկանալի սկզբունքները եւ մի քանի անընդմեջ մրցախաղերի հայեցակարգն անբավարար է»,- գրել է Կարսլենը:




























