Երկու օրվա ընթացքում ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ապօրինի թմրամիջոցներ պահելու եւ օգտագործելու կասկածանքով դեպքեր են արձանագրել:
Քրեական հետախույզների տեսադաշտում հայտնված Արգավանդ գյուղի բնակիչ Արմեն Վ.-ն, որի մոտ թմրանյութ կա, տաքսու մեջ էր եւ չպետք է իմանար, որ իրեն հետեւում են:
Նրան հունվարի 31-ին հայտնաբերել են Ջրարբի գյուղում եւ բերման ենթարկել ոստիկանության բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 9 փաթեթ, որոնցում եղել է տարբեր քաշերի դեղնականաչավուն կանեփանման զանգվածներ:
Հաջորդ օրը մեկ այլ դեպք է բացահայտվել: Ոստիկանները տեղեկություն են ստացել, որ Գրիբոյեդով գյուղի բնակիչ Վալտեր Թ.-ն տանը մարիխուանա է պահում եւ օգտագործում: Նրա մոտ եւ տանը հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 8 փաթեթ:
«Ամառը գնացել էի դաշտ սունկ հավաքելու, ռաստ էկավ, քաղամ, բերամ, չորցրամ: Տենց օգտագործում էի, բերան ոստիկանություն»,-ոստիկանությունում նշել է Վալտեր Թ.-ն:











